Հայաստանը «ժողովրդավարական ինդեքսում» հայտնվել է «հիբրիդային ռեժիմների» ցանկում
Քաղաքական
11:27 23/01/2020
Հայաստան

Հայաստանը «ժողովրդավարական ինդեքսում» հայտնվել է «հիբրիդային ռեժիմների» ցանկում

Ժողովրդավարության ինդեքսի, որն ամբողջ աշխարհում ներկայացնում է ժողովրդավարության վիճակը, գլոբալ միջին գնահատականը 2018-ի 5.48-ից իջել է 5.44-ի: Ինչպես ասվում է «The Economist Intelligence Unit»-ի զեկույցում, սա  ամենավատ գնահատականն է 2006 թվականից ի վեր, երբ առաջին անգամ ուսումնասիրվել էր ժողովրդավարությունների վիճակը։ 2019 թվականի արդյունքը նույնիսկ ավելի վատն է, քան 2010-ին գրանցված ցուցանիշը, երբ գլոբալ տնտեսական և ֆինանսական ճգնաժամ էր։

Զեկույցի կազմման համար որպես հիմք է վերցվել 5 ցուցանիշներ՝ ընտրական գործընթացն ու բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական մասնակցությունը, քաղաքական մշակույթն ու քաղաքացիական ազատությունները:

Զեկույցում ներառված 167 երկրներից 76-ը կամ 45.5%, ինչպես ասվում է զեկույցում, կարելի է համարել ժողովրդավարություն:

Երկրները բաժանված են 4 կատեգորիաների՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային և ավտորիտար ռեժիմներ։

«Լիակատար ժողովրդավարությունների» թիվը դարձել է 22, որին միացել են Չիլին, Ֆրանսիան և Պորտուգալիան։ Մինչդեռ Մալթան տեղափոխվել է «թերի ժողովրդավարություն» կատեգորիա: «Թերի ժողովրդավարություն» կատեգորիայում 54 երկիր է։ Հիբրիդային ռեժիմների տակ է հայտնվել  37 երկիր, ավտորիտար ռեժիմում՝ 54։

Հայաստանը զեկույցում  զբաղեցնում է 86-րդ տեղն ու հայտնվել է «հիբրիդային ռեժիմների» ցանկում:

Մեր երկրի ընդհանուր միավորը 5.54 է, 2018թ-ին Հայաստանի ընդհանուր միավորը եղել էր 4.79 ու զբաղեցրել 103-րդ տեղը։ 2019-ին Հայաստանում ընտրական գործընթացի և բազմակարծության միավորը  7.50 է, կառավարության գործունեությունը՝ 5.36, քաղաքական մասնակցությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13, քաղաքացիական ազատությունները՝ 5.59:

Նշվում է, որ Արևելյան Եվրոպայում ժողովրդավարության համար ուշագրավ առաջընթաց է եղել Հայաստանում ու Ուկրաինայում։

Նշվում է, որ Հայաստանում 2018-ի արտահերթ ընտրություններն ըստ ԵԱՀԿ-ի եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։

Տարածաշրջանում Վրաստանն ու Թուրքիան ևս հիբրիդային ռեժիմիների տակ են՝ համապատասխանաբար 89-րդ և 110-րդ տեղերով, Ադրբեջանը՝ ավտորիտար ռեժիմ է համարվում ու 146-րդ տեղում է։

Placeholder
Հայաստանը «ժողովրդավարական ինդեքսում» հայտնվել է «հիբրիդային ռեժիմների» ցանկում