Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին.Պապյան
Մշակույթ
20:15 23/01/2020
Հայաստան

Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին.Պապյան

Օպերային երգչուհի,  ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  հայ երգչուհու ՝ Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած դեպքին, ազդարարելով հաղթանակի մասին: 

«Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան Չայկովսկու “Եվգենի Օնեգին” օպերայից:

Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՝ անկասկած:

Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միեւնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու եւ ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը եւ փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան “հարեւան” երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկկարդո Մուտին, կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ եւ դադարել “զառանցել”...

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարեցին: Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետեւողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը, ինձ համար հայնաբերեցի՝ մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների:

Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է մասնավորապես երիտասարդներին՝
որտեղ էլ որ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է...


Հաղթեցինք եւ հաղթելու ենք!»,- գրել է Պապյանը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի   երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

Placeholder
Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին.Պապյան