Մանսուրյան. Կռիվը, որ ունենք անորակ երաժշտության դեմ, ինքնին իր լուծումն այս կամ այն չափով կստանա
Մշակույթ
16:33 27/01/2020
Հայաստան

Մանսուրյան. Կռիվը, որ ունենք անորակ երաժշտության դեմ, ինքնին իր լուծումն այս կամ այն չափով կստանա

«Երբեմն երիտասարդ այս կամ այն տարիքի թռիչքին ուզում եմ մի հատ էլ հասնեմ: Այնպես չէ, որ չես զգում քո տարիքը, զգում ես»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որն այսօր նշում է իր ծննդյան 81-ամյակը:

Մեծ խնջույք չի լինելու մաեստրոյի ծննդյան օրվա առիթով, ինչպես նշեց, սովորական օր է, երեկոյան մտերիմների մի փոքրիկ խմբով կհավաքվեն, կենացներ կհնչեն:

Հարցին՝ արդյո՞ք ծննդյան օրը  Ձեզ համար անցյալը ևս մեկ անգամ վերարժևորելու տեսակետից կարևոր օր է, Տիգրան Մանսուրյանը պատասխանեց. «Առաջ ավելի թարմ էին այս զգացողություններն այս կարգի երևույթների հանդեպ: Առաջ այս ամբողջն իմաստ ուներ: Հիմա չեմ կարծում: Ըստ երևույթին, հոգսերի ծանրությունը մի կողմից, մյուս կողմից տարիքը, որ այդ բաները քիչ առօրեկան են դառնում»:

Մաեստրոն պատմեց, որ առավոտյան է վերադարձել Չեխիայից. Բռնոյում երկու օր հնչել է իր «Ռեքվիեմը», հանդիպել է լրագրողական աշխարհի ներկայացուցիչների, հայ համայնքի տարբեր խմբերի հետ: 

Նա ասաց, որ այժմ աշխատում է մի գործի վրա, որն աշնանը հնչելու է Իտալիայի երեք քաղաքում:
«Այս տարի աշխարհը նշում է Դանթե Ալիգերիի 700-ամյակը: Իտալական կողմը իրեն և ևս երկու հեղինակի առաջարկել է ամեն մեկս մի հատված գրենք՝ մեկը դժոխք, մեկը քավարան, մյուսը դրախտ: Ինձ առաջարկել էին քավարանը: Համաձայնվել էի: Հիմա աշխատում եմ դրա վրա»,- նշեց մաեստրո Մանսուրյանը:

Նա նաև ասաց, որ ապագայի ևս մի քանի ծրագրեր կան, որոնց  վերջնական պատասխան չի տվել, ասել է՝ հենց այդ պահը հասնի, կաշխատի:

Հարցին, թե հայ հանդիսատեսի համար որևէ բան պատրաստո՞ւմ եք, Տ. Մանսուրյանը պատասխանեց. «Իմ ներքին պահանջը, ծրագիրը մեր իրականության հետ կապված՝ իմ աշխատանքների մեջ ավելի շատ տեղ բացել հայ պոեզային, հայոց լեզվին: Երբ ունենում եմ այդ հնարավորությունը, անմիջապես այնտեղ եմ մտնում: Կարող են լինել թե ծավալուն, թե փոքր գործեր, բայց հայ պոեզիայի հետ: Իմ նախընտրությունն է՝ հայ դասական պոեզիայի, բանաստեղծության հետ կապված և հնարավորինս շատ բերել երաժշտություն: Իմ կապը հայ պոեզիայի հետ տարբեր շրջաններ է ներառում»:

Նա նշեց, որ Հայաստանում կան թեև փոքրաթիվ, բայց տաղանդավոր կոմպոզիտորներ. «Կյանքն իր հունով շարժվում է, վաղը նրանք կշատանան, կռիվը, որ ունենք անորակ երաժշտության դեմ, ինքնին իր լուծումն այս կամ այն չափով կստանա»:

Ասուլիսի ավարտին լրագրողների խնդրանքով մաեստրո Մանսուրյանը կատարեց իր ստեղծագործություններից  մի փոքր հատված:

Placeholder
Մանսուրյան. Կռիվը, որ ունենք անորակ երաժշտության դեմ, ինքնին իր լուծումն այս կամ այն չափով կստանա