2019-ին մեծ քանակի հեռուստաընկերություններ են տուգանվել
Հասարակություն
13:05 29/01/2020
Հայաստան

2019-ին մեծ քանակի հեռուստաընկերություններ են տուգանվել

«Մենք նախորդ տարի աննախադեպ մեծ քանակի տուգանքներ ենք կիրառել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա ներկայացրած տվյալներով, 2019 թվականի արդյունքում տուգանք է կիրառվել թվով 12 ռադիոհեռուստաընկերության նկատմամբ, ընդամենը 6 միլիոն 200 հազար դրամի չափով: Համեմատության համար նշեց, որ 2011-18 թթ.  տուգանքվել է ընդամենը 10 ռադիոհեռուստաընկերություն,  5 միլիոն 800 հազար դրամի չափով:

«Շատերի մոտ այնպիսի հապարակումներ ենք հանդիպում, որ մենք սկսել ենք ավելի կոշտ պատժել, որոշ չափով դահիճի դեր ենք կատարում: Դա, հավատացնում եմ, այդպես չէ, պարզապես սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները»,- ասաց Տ. Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում որևէ անգամ  հեռուստաընկերությունը չի տուգանվել սարսափ տեսարանները ցուցադրելու համար, ապա նախորդ տարի հեռուստաընկերություններից մեկին տուգանել են ժամը 24-ից շուտ սարսափ տեսարաններ ցույց տալու համար:

«Որևէ անգամ հեռուստաընկերությունների նկատմամբ սանկցիա  չի կիրառվել կրոնական խտրականություն իրականացնելու կամ քարոզելու համար, ինչը շատ կարևոր է: Նախորդ տարի տուգանվեց հեռուստաընկերություններից մեկն իսլամը շատ կոպիտ, սխալ լուսաբանելու համար»,- ասաց նա:

Տ.Հակոբյանի խոսքով, տուգանքները կապված են նաև հեղինակային իրավունքի խախտման հետ:

«Գոհունակությամբ ասեմ, որ, ըստ մեր ուսումնասիրությունների, հանրապետական և մայրաքաղաքային սփռման  հեռուստաընկերությունները շատ կոշտ պահպանում են  հեղինակային իրավունքը»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:

Նա նշեց, որ բռնության տեսարանները, հեղինակային իրավունքի խախտումը, արգելված գովազդն էականորեն եթերում պակասել է. «Դրանով  մենք  նաև հավասար դաշտ ենք ստեղծում բոլոր հեռուստաընկերությունների համար»:

Հարցին, թե Հայաստանում ատելության խոսքի աճ կա, հնչում է սոցիալական ցանցերում, ձեր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում ի՞նչ պատկեր է, Տ.Հակոբյանը պատասխանեց, որ ամենաբարդն այն է, որ Հայաստանում նույնիսկ ատելության խոսքի հասկացությունը չկա,  ինչպե՞ս կարելի է մի բան կարգավորել, որն իր սահմանումը չունի:

«Մենք ատելության խոսքի իրավական սահմանում չունենք, դա էլ է մանիպուլյացիայի հնարավորություն տալիս, ցանկացած բառը, որը որևէ մեկին դուր չի գալիս,  համարում է  ատելության խոսք»,- ասաց նա:

Տ. Հակոբյանի խոսքով, դրսում ատելության խոսքը հստակ սահմանումներ ունի: Ըստ նրա, սա Հայաստանում բացթողում է, կոչ է անում այն ատյաններին, որոնք պետք է զբաղվեն, սկսեն գործընթացը: 

Placeholder