Ալեն Սիմոնյան. Ենթադրում եմ՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ՍԴ-ի թեման մեկընդմիշտ կփակվի
Քաղաքական
17:05 30/01/2020
Հայաստան

Ալեն Սիմոնյան. Ենթադրում եմ՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ՍԴ-ի թեման մեկընդմիշտ կփակվի

«Ինձ ժամկետը հայտնի չէ, բայց ենթադրում եմ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում այդ թեման մեկընդմիշտ կփակվի, հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի»,- լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը շուտով կհանգուցալուծվի՝ ի՞նչ ժամկետի մասին է խոսքը:

Նա նշեց, որ իր այդ կարծիքը պայմանավորված է այն գործընթացներով, որոնք, ըստ իրեն, արդեն ավարտին են հասցվում. «Խոսքն իրավական գործընթացների մասին է, որտեղ լուծումներ են լինելու և ՍԴ-ն,  ևս մի վայր, որը մնացել է հին աշխարհում, ազատվելու և հայտնվելու է նոր աշխարհում, ուզի թե չուզի Հրայր Թովմասյանը»: 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի կարող հիմա փակագծեր բացել, ասաց՝ նոր դատարան չեն հիմնելու: 
Հարցին՝ այսինքն 3 ամսից Հրայր Թովմասյանը չի՞ լինի ՍԴ նախագահ՝  ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ երեք ամսից կլինի, կամ չի լինի,  ասում եմ՝ իրավական  գործընթացը…»:

Հարցին՝ եթե խնդիրը լուծվի 2-3 ամսում՝ Սահմանադրական բարեփոխումների կարիք կլինի՞, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ բարեփոխումներով կլինի այդ հարցի լուծումը»:

Լրագրողներն արձագանքեցին, որ 2-3 ամսում տեսականորեն հնարավոր չէ, արդարադատության նախարարն ասում է մինչև տարեվերջ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ շատ ավելի շուտ հնարավոր է արագ լուծել, նաև բարեփոխումներով: Վստահեցնում եմ՝ իրավական առումով այդ մեխանիզմները կան և կիրառվելու են»:

Նա նշեց, որ իր պատկերացմամբ Հայաստանում ՀՀ քաղաքացիների վստահությունը վայելող ՍԴ և դատական համակարգ պետք է լինի:

«Այսօր ունեն Հայաստանի քաղաքացիների վստահությունը վայելող կառավարություն, Ազգային ժողով, դատական համակարգն այն վերջին ֆորպոստն է, որը որ այսօր այդպես քաղաքականացված և նախկին իշխանություններին սպասարկող Հրայր Թովմասյանը փորձում է պահել»,- ասաց Ա.Սիմոնյանը:

Placeholder
Ալեն Սիմոնյան. Ենթադրում եմ՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ՍԴ-ի թեման մեկընդմիշտ կփակվի