Մենք գտել ենք երազանքի Սահմանադրական դատարանի  մոդելը. վարչապետ
Քաղաքական
19:29 06/02/2020
Հայաստան

Մենք գտել ենք երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Խորհրդարանում խոսել է գործող սահմանադրության և առաջարկվող նոր սահմանադրության տարբերություններից: Վարչապետն ասել է, որ գտել են երազանքի Սահմամանադրական դատարանի  մոդելը:

«ՍԴ դատավորը 35 տարի մնում է պաշտոնում, սա իսկապես աննորմալ երևույթ է: Նոր սահմանադրությամբ կարող է պաշտոնավարել 12  տարի և նույն մարդը կարող է  ընտրվել ընդամենը մեկ անգամ: Ահա այսպիսի սահմանադրություն է գրված:

Դեֆակտո և դեյուրե  ՍԴ-ն  դարձել է տանիք ընտրությունների կեղծման և իշխանության  բռնազավթման համար: Նախագահական ընտրությունների ընթացքում ՍԴ-ն  դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել  իր իրավունքը: Որովհետև ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի  նախադեպային տրամաբանության  հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնար զսպման  անհրաժեշտությանը: Հետո ՍԴ անդամները գրքեր են գրել դրա մասին, կարդացել դասախոսություններ, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգինե՞րը , բա վստահված անձանց ծեծի ենթարկե՞լը, բա հեռուստաընկերությունների տոտալ վերահսկո՞ւմը :

Ահա անպատասխան ծանր հարցերի բեռը անցյալում թողնելու և նոր էջ բացելու  մոդել է առաջարկվել, որը եկեք անվանենք երազանքի սահմամանադրական դատարան:  Այն չի լինի քաղաքական մի ուժի կրնկի տակ:Մենք գտել ենք երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը, բայց ունենք  հին դատավորներ, որոնց  լիազորությունները չենք կրճատելու»,-ասաց վարչապետը:

«Մենք նրանց կպարտադրենք ուրիշ գործողություն և այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար : Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այդ հարցը ժողովրդով լուծելու համար: Եվ հույս ունեմ, որ ԱԺ-ն որոշում կկայացնի 213 հոդվածը փոխելու հարցով՝ համաժողովրդավարական հանրաքվե նշանակելու մասին: Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամնների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակած օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և այո ասեն այս փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այս պարագայում կշարունակվեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում չկա մի խնդիր, որի լուծման լիազորությունը ժողովուրդը չունի:

Placeholder
Մենք գտել ենք երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը. վարչապետ