ՍԴ նախագահ. Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու
Քաղաքական
16:57 06/02/2020
Հայաստան

ՍԴ նախագահ. Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու

Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձին նվիրված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

«Պետք է իմանանք ու վերջնականապես հաստատենք, որ Սահմանդրական դատարանը քաղաքական ինստիտուտ չէ, և անթույլատրելի է ստուգել դատական համակարգի քաղաքական վստահության  աստիճանը։ Նման բան չկա ու գոյություն ունենալ չի կարող»,-իր խոսքում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նա ընդգծել է, որ դատական համակարգը մասնագիտացված կառույց է, որի վստահությունը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի քանակով և դատավարությանը մասնակցող սուբյեկտների թվով։

«Դա է վստահության գրավականը»,-նշել է նա։

ՍԴ նախագահն ընդգծել է, եթե վախեցած դատավորը կարող է  ինչ-որ մեկին հաճոյանալու համար ինչ-որ որոշում կայացնել, ապա վաղը կարող է նույն անձի դեմ որոշում կայացնել։

«Հիշեք, ոչ ոք ոչ ոքի սկուտեղի վրա անկախություն չի տալիս։ Դա վերաբերում է և մարդկանց, և պետություններին, և ինստիտուտներին։ Դրա համար պետք է պայքարել»,-ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ցանկացած բարեփոխման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։
Նա ընդունելության մասնակիցներին վստահեցրել է, որ ՍԴ դատավորները չեն ընդունի որևէ որոշում,  որի համար ամաչելու առիթ ունենան։

«Կրկին ու կրկին շնորհավորում եմ։ Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է Հրայր Թովմասյանը։
 

Placeholder
ՍԴ նախագահ. Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու