Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դիրիժոր  Սերգեյ Սմբատյանը
Մշակույթ
13:43 11/02/2020
Հայաստան

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դիրիժոր Սերգեյ Սմբատյանը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ փետրվարի 15-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի ռուսական դասական երաժշտության երեկո։ «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրն ընդգրկում է ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ մեկ կոնցերտը և Ալեքսանդր Սկրյաբինի Թիվ երկու սիմֆոնիան։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից: 

Որպես մենակատար հանդես կգա հարավկորեացի հայտնի ջութակահար Իյե Յուն Չոյը։ Վերջինս հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ‚ ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ‚ Սեուլի ֆիլհարմոնիկ‚ Մոնրեալի սիմֆոնիկ‚ Մյունխենի սիմֆոնիկ‚ Դրեզդենի ֆիլհարմոնիկ և այլ անվանի նվագախմբեր։

Համերգային երեկոն տեղի կունենա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Manoel թատրոնում։ Նշենք‚ որ կատարողական արվեստի այս նշանավոր կենտրոնը Եվրոպայի հնագույն թատրոններից է։

Placeholder