«Ծնունդդ  շնորհավոր ,  Հայաստանի 20-րդ  դարի  լավագույն  մարզիկ»
Սպորտ
14:05 11/02/2020

«Ծնունդդ շնորհավոր , Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ»

Բոլորեց հայ  հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ  Վաղարշակի Ազարյանի ծննդյան 91–ամյակը: ՀԱՕԿ-ը հատուկ անդրադարձով շնորհավորել է նրան։ 

«Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր : Թեև  բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ-ում և աշխարհում:

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ  Ալբերտ Ազարյանը  ավելի քան 15 տարի  մնաց  անպարտելի: Նա  հայաստանցի միակ մարդն է, ով  11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն  / օղակներ,  զուգափայտ,  պտտաձող  մրցաձևերում  /: Եվրոպայի կրկնակի  և  աշխարհի քառակի  ոսկե դափնեկիր է, և աշխարհի  միակ հայ  մարզիկն է, ով  կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը:

Ազարյանական  լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա  հայ ժողովուրդը երբեք  չի մոռանա  իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է    կատարել  ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ  ԽԱՉԸ   և այն գրանցել  մարմնամարզության միջազգային  անվանակոչության տարեգրության  չեմպիոնական պատմագրքում:

Նրա ստեղծած ընտանիքը  երևի թե աշխարհում միակն է, որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև  չեմպիոնական ընտանիքի մայրը : Նկատի ունենք  մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով  նույնպես սպորտային մարմնամարզությունից   ԽՍՀՄ սպորտի վարպետ  է  և  Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :

Ալբերտ  Ազարյանն արժանացել է  ԽՍՀՄ ,  ՀԽՍՀ   և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին   և  կոչումներին: Այդ ամենով հանդերձ,  նա   երբևիցե  չի տառապել աստղային հիվանդությամբ  ու մնացել է նույն  համեստ , հասարակ հայ մարդը :

Հենց  այս հատկանիշներով  է  մշտապես վեր բարձրացել նա,  որի համար  կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն  լինելն է , փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը , առնական տղամարդ  ու հայ   քաջարի զինվոր   դարձնելը :

Ծնունդդ  շնորհավոր ,  Հայաստանի 20-րդ  դարի  լավագույն  մարզիկ: Մաղթում  ենք  քաջառողջություն , երկարակեցություն, երջանկություն:

Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ»:

Placeholder
«Ծնունդդ շնորհավոր , Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ»