Գեղամ Գևորգյան. Իրականում ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր
Տնտեսություն
13:13 13/02/2020
Հայաստան

Գեղամ Գևորգյան. Իրականում ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 օր է ուսումնասիրություններ է սկսել ձվի շուկայում, խնդիրը կապված է գնանկման հետ:

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով, փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից ահազանգեր են ստացել, որ ձվի գինը շուկայում 20-25 դրամի է հասել, որն աննախադեպ է, նաև մամուլում էր տեղեկատվություն հայտնվել, որ ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր:

«Բայց ուզում եմ հստակ ասել, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, որ ներմուծման պատճառով է, այդպիսի  բան չկա: Հայաստան վեջին  ամիսներին ձու չի ներմուծվել: Եթե չեմ սխալվում, վերջին ներմուծումը եղել է 2019-ի մարտին կամ այդ կողմերը,  որը որևէ ազդեցություն չի ունեցել դրա վրա»,- նշեց նա:

Գ.Գևորգյան խոսքով, այստեղ հիմնական  պատճառն այն է, ստացված տվյալներով, գերարտադրութունն է, և այժմ ուսումնասիրում են հենց գերարտադրությունը՝  ինչքան ածան հավ է ներմուծվել,  դրանց ածելու քանակը, չափը, արդյոք կա ժամկետանց ձու, թե ոչ:

«Կարծում եմ՝ մոտ  ժամանակներս կհասկանանք ինքնարժեքի  կառուցվածքը, կհասկանանք, նաև՝ արդյո՞ք խոշոր տնտեսվարող սուբյեկտները փորձում են  մանրերին դուրս մղել:  Բայց ձու արտադրողների  քանակը  շուկայում միանգամից շատացել է,  ինչի հետևանք է նաև սա»,- նշեց ՏՄՊՊՀ հախագահը:

Նրա խոսքով, ուսումնասիրությունից ստացած առաջին տպավորությունն այն է, որ իրականում ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր,  բայց պատճառը պետք է հասկանան, որպեսզի հասկանան իրենց  գործողությունները:

Խոսելով շաքարի շուկայի մասին, նա նշեց, որ արդեն գործ են սկսել. «Ուսումնասիրությունների արդյունքւմ հստակ պատկերացումներ ունենք, որ ինքնարժեքից ցածր է վաճառվում խոշոր առևտրային ցանցում, վարույթ ենք հարուցել՝ հասկանալու, թե  ինչի արդյունք է: Վարույթը հարուցված է փաստի հիմքով հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում: Վարույթն ավարտելուց հետո՝ պարզ կլինի»:

Գ.Գևորգյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրում են նաև ցորենի, ալյուրի, հանքարդյունաբերության, գովազդի, դեղերի շրջանառության ոլորտները: 

ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց, որ իրենց համար որևէ էական նշանակություն  չունի, թե ում է  պատականում որևէ բիզնես, իրենք բիզնեսն են  նայում:

Placeholder
Գեղամ Գևորգյան. Իրականում ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր