Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց
Իրավունք
18:00 14/02/2020
Հայաստան

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը։

Նիստում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո՝ դատավոր Դավիթ Բալայանը հայտարարեց, որ միջնորդությունը մերժում են: Դատավորն ասաց, որ հաջորդ նիստին կանցնեն ապացույցների հետազոտմանը, ապա վկաների և ամբաստանյալների հարցաքննությանը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

2019 թ. ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։

Placeholder
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց