Երևանի կրկեսը դեռ կառուցում ու կառուցում են
Հասարակություն
13:21 15/02/2020
Հայաստան

Երևանի կրկեսը դեռ կառուցում ու կառուցում են

Շուրջ 9 տարի է, Երևանը կրկես չունի: 1962 թվականից գործող կրկեսի շենքը քանդվեց՝ նորը կառուցելու համար: Տարբեր ժամկետներ էր նշվում, թե երբ շենքը կհանձնվի շահագործման, սակայն այդպես էլ մինչ այժմ այնտեղ աշխատանքներ են ընթանում:

Panorama.am-ին Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն ասաց, որ նոր շենքն արդեն կանգուն է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Նա նշեց, որ  ամեն ինչ արվում է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին  շենքը հանձնելու համար: Ս. Պետրոսյանի խոսքով, շենքի ներսում շատ գործ կա անելու:

«Կրկեսի շենքի կառուցումը հեշտ չէ: Մոսկվայից, տարբեր երկրներից մասնագետների են կանչում, ամեն մի քանի վրա աշխատում են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքները:  Նշվում է, որ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։

Հին կրկեսից

Տեսանյութն ու լուսանկարները՝ Երևանի կրկեսի կայքից

Placeholder