Էրդողան. «Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»
Օրվա մամուլ
17:36 19/02/2020
Հայաստան

Էրդողան. «Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  խորհրդարանական խմբակցության նիստին անդրադարձել է թուրք-սիրիական լարված հարաբերություններին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Էրդողանը զգուշացրել է, որ եթե սիրիական հարցում ներգրավված երկրները չփարատեն Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, ապա Թուրքիան ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել: Ըստ Էրդողանի՝ իրենք վերջին անգամ են զգուշացնում, որ Սիրիայի կառավարական ուժերը դադարեցնեն գործողությունները Իդլիբում և զորքերը հետ քաշեն` հավատարիմ մնալով Սոչիի համաձայնագրին:

Էրդողանը նկատել է, որ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած բանակցություններում ցայսօր որևէ արդյունքի չեն հասել:

«Իդլիբի հարցում Թուրքիան ամեն կերպ պատրաստվել է իր գործողության ծրագրերն իրականացնելու համար: Ինչպես ցանկացած օպերացիայի ժամանակ է լինում, այս հարցում նույնպես ասում ենք, որ  «մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»: Պարզ ասած` Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև շեշտել է Թուրքիայի վճռականությունը` Իդլիբն անվտանգային գոտու վերածելու առնչությամբ: Եվ համոզմունք է հայտնել, Թուրքիան Իդլիբը չի թողնի Սիրիայի կառավարական ուժերի և նրանց աջակիցների ձեռքում:

Placeholder
Էրդողան. «Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»