Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ
Տնտեսություն
15:25 22/02/2020
Հայաստան

Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ

2019-ը հետճգնաժամային Հայաստանում եղել է ՀՆԱ-ի ռեկորդային աճի տարի։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ «Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ում՝ մեր երկրի նախագահության տարում» թեմայով ասուլիսի ժամանակ։

«ՀՆԱ-ն կազմել է 7.6 տոկոս։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՏԱՑ-ը ևս շատ բարձր է եղել՝ 7.8 տոկոս։ Այս ցուցանիշների ձեռքբերման առումով պետք է նկատի ունենալ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բազմաթիվ գործոններ»,- նշեց բանախոսը։

Նա նկատեց, նախորդ տարի Հայաստանում, բացի գյուղատնտեսությունից, մյուս բոլոր ճյուղերն ունեցել են էական զարգացում։ Թեղուտի հանքավայրի շահագործման հաշվին արդյունաբերությունը երկու անգամ ավելի մեծ աճ է ունեցել, քան 2018-ին։ Շինարարության ոլորտի  4.5 տոկոս աճը Սաֆարյանը տպավորիչ է որակում, մտածելու տեղիք է տալիս բանկերում ավանդների աճը, որը կազմել է 22.4 տոկոս։

«Սա և լավ է, և վատ։ Լավ է, որ արտաքին տրանսֆերտների հաշվին գումարները մեծացել են և գնացել բանկեր, որպես ավանդներ՝ կազմելով 6 մլրդ դոլարին համարժեք գումար, բայց մյուս կողմից էլ դա խնդիր է, քանի որ նշանակում է՝ ավանդատուները չեն գտնում ձևեր իրենց գումարները ներդրումներ կատարելու և ավելի բարձր դիվիդենտներ ստանալու համար։ Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի  պետությունը։ Ու երբ դրսում ներդրողներ ենք փնտրում, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մեր ներքին ռեսուրսն ու առկա հնարավորությունները, դրանք օգտագործելու մեխանիզմները»,-նշեց Սաֆարյանը։

Շարունակելով թվարկել տնտեսական ցուցանիշները, բանախոսն ասաց՝ տնտեսությունը ստվերից դուրս բերելու արդյունքում մոտ 1 մլրդ դոլար գումար լեգալացվել է, որի կեսը գնացել է տնտեսվարողների գերավճարները կոմպենսացնելու համար։

Նա կարևորեց տուրիզմի զարգացումը, ասաց՝ 1.89 մլն զբոսաշրջիկ մտել է Հայաստան,որից մոտ 40 տոկոսը՝ Ռուսաստանից։

«Հայաստանը այս երեք հսկաների՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ու վերամշակվող արդյունաբերության վրա հիմնվելով, կկարողանա զարգացնել իր տնտեսությունը չորրորդ սերնդի արդյունաբերական հեղափոխության պահանջներին համահունչ ու հրամայականի ներքո»,-ասաց նա։

Placeholder
Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ