«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Հասարակություն
20:00 22/02/2020
Հայաստան

«Աղբ վերամշակող» թափառող շների մասին

Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես չկա: Թափառող կենդանիները խնդիրը լուծված է նաև մերձբալթյան երկրներում՝ Լիտվիա, Լատվիա, Էստոնիա: Իսկ ահա ասիական կամ աֆրիկյան երկրներում խնդիրը սուր արտահայտված է:

Ինչ վերաբերում է  հետխորհրդային երկրներին, ապա այստեղ էլ խնդիրը  կամ առհասարակ լուծված չէ, կամ էլ մասամբ է լուծված: Այս երկրների շարքում են նաև Հայաստանն ու Վրաստանը:  

Իսկ ինչպե՞ս են լուծել խնդիրը զարգացած երկրները:

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ թափառող կենդանիների զանգվածային ստերջումը գրագետ  մոտեցում է, սակայն միայն դա բավարար չէ:

«Եթե վերցնենք Հայաստանին համաչափ զարգացող երկրների օրինակները, որտեղ լուծվել է թափառող կենդանիների խնդիրը, օրինակ ՝ Սլովենիայում, Իսրայելում և այլն, ապա զանգվածային ստերջացման և վերադարձի ծրագրերին զուգահեռ, բնականաբար, կատարվել են այլ աշխատանքներ ևս, առանց որոնց ստերջացումն ուղղակի անիմաստ կդառնար:

Այսինքն՝ եթե մենք չունենք տնային պայմաններում պահվող ընտանի կենդանիների հաշվառում և ստերջացում, եթե մենք չունենք բուծողների արտոնագրում և վերահսկում, եթե չեն արգելվում ասենք  շնամարտերը,... ապա թափառող կենդանիների զանգվածային ստերջացումը օգտավետ լինել չի կարող:

Այսինքն՝ երկրներում որտեղ չկան թափառող կենդանիներ, գլխաքանակի տեսանկյունից այնպես են լուծել խնդիրը, որ ոչ մի շուն դուրս չի նետվում և նորերը չեն ծնվում »,- ասաց Արամյանը: 

Իհարկե  հանրային անվտանգության և առողջապահության տեսանկյունից  թափառող կենդանիների ստերջացումն ու պատվաստումը պարտադիր ծրագրեր են, սակայն խնդիրն արմատապես լուծելու համար դա էլ բավարար չէ:  Խնդրի լուծումը պահանջում է համակարգային մոտեցում:

Հայաստանում թափառող շների ստերջացում կատարվում է հիմնականում Երևանում:

Երևանից դուրս մի քանի քաղաքներում՝  Էջմիածին, Մասիս... ստերջացում կատարվել է մասամբ։

Կենդանապաշտպանի դիտարկմամբ ՝ սա նշանակում է, որ  չստերջացված շների հոսքը դեպի Երևան անխուսափելի է, քանի որ այստեղ է կերի հիմնական բազան: Բայց սա էլ խնդիրներից մեկն է: 

Կենդանապաշտպանը նշեց բաներ, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս:

«Այս պահին երազել, որ մեր երկրում արմատապես կարող է լուծվել թափառող կենդանիների խնդիրը, հուսախաբություն կլինի:  Աղբի ամբողջական վերամշակման և ամբողջական ոչնչացման որևէ ռեալ մեխանիզմ չի գործում, թափառող շների իսպառ վերացումը կլինի ճակատագրական: Մենք կունենանք առնետների գլխաքանակի կտրուկ աճ, քանի որ միայն շներն ու առնետներն են նեխած սննդի ոչնչացման պատասխանատուն: Մենք պետք է հասկանանք, թե քանի գլխաքանակի առկայությունն է արդյունավետ Երևանի համար և այս ուղղությամբ աշխատանքներ տանենք»,- ասաց Նարե Արամյանը:

Եթե այսպես մտածեն նաև քաղաքապետարանում՝ դիտարկեն շներին որպես աղբի «վերամշակող», կամ առնետներին այլընտրանք, ապա թափառող շների հարցը կարող է և չլուծվի։ 

Լուծման տարբերակներից խոսելիս ԳԱԱ կենդանաբանության  և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, կենդանաբան Գոռ Քալոյանը  panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ  Հայաստանում թափառող կենդանիների խնդրի լուծումը հնարավոր է, եթե ստեղծվի մասնագիտական հանձնաժողով:

«Պետք է մասնագիտական  հանձնաժողով ստեղծել, որպեսզի մասնագետների խորհուրդներով հնարավոր լինի լուծել խնդիրը: Օրինակ՝  եթե տեսակն ագրեսիվ է, ապա պետք է պահել հատուկ կացարաններում, իսկ եթե հանգիստ վարք ունի ՝ բաց թողնել և այլ  լուծումներ»,-ասաց Քալոյանը:

Ընդհանուր առմամբ, վերը նշված խնդիրների լուծման ուղղությամբ, Կառավարությունը որևէ շոշափելի քայլեր դեռևս չի արել: Մասնավորապես՝ մինչ օրս չունենք Հայաստանում  թափառող կենդանիների խնդրի լուծմանը միտված  ոչ հայեցակարգ և ոչ էլ ռազմավարական ծրագիր։  

Այս համատեքստում նշենք նաև, որ դեռևս չունենք օրենսդրական դաշտ, որը կկարգավորի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերումքի ոլորտը, խոսքը ՝ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու պատժի մասին չէ: 

Placeholder