Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի թավջութակահարները միջազգային մրցույթներից վերադարձել են մրցանակներով
Մշակույթ
14:13 28/02/2020
Հայաստան

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի թավջութակահարները միջազգային մրցույթներից վերադարձել են մրցանակներով

Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտները մասնակցել են թավջութակահարների միջազգային մրցույթների, վերադարձել պարգևներով ու մրցանակներով:

Արտյոմ Իոանիսյանը (XI դասարան, դասատու՝ Գայանե Ռաֆայելյան) և Միքայել Ոսկանյանը  (XI դասարան, դասատու Տիրուհի Սարգսյան) Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Մրցույթին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն կերպով հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ:  Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը արժանացել է մեդալի և դափնեկրի կոչմանը։

Լրագրողների հետ հանդիպմանն Արտյոմ Իոանիսյանն ասաց, որ իր հաջողություններում մեծ դեր է խաղացել իր ուսուցչուհին, որն օր ու գիշեր աշխատել  իր հետ: 

Թավջութակահար Միքայել Ոսկանյանի խոսքով, մրցույթներին մասնակցությունը տալիս է մոտավորապես մի քանի անգամ ավելի շատ փորձ քան ձեռք կբերես մեկ-երկու տարվա համերգների ընթացքում:

10-ամյա թավջութակահարուհի Մարի Հակոբյանը (դասատու՝ Գայանե Ռաֆայելյան) Զագրեբում մասնակցել է Անտոբիո Յանիգրոյի թավջութակահարների 12-րդ միջազգային մրցույթին: Մարին մասնակցում էր առաջին` 9-11 տարիքային խմբում: Մասնակիցներն այդ խմբում 18 էին տարբեր երկրներից: Մարիին շնորհվել է առաջին տեղ և հատուկ մրցանակ:

Նա ասաց, որ առաջին անգամ է մասնակցել մրցույթին, ելույթի ժամանակ չի հուզվել:
«Երբ իմացա առաջինն եմ, շատ ուրախացա»,- ասաց փոքրիկ թավջութակահարուհին՝ նշելով, որ առաջիկայում այլ մրցույթների  է մասնակցելու:

Անտոբիո Յանիգրոյի թավջութակահարների 12-րդ միջազգային մրցույթի պարտադիր ծրագիրը ներառում էր մեկ սոլո կատարում (էտյուդ կամ կապրիչիո), 1 ստեղծագործությըն մասնակցի երկրի որևէ կոմպոզիտորից, մեկ ազատ ստեղծագործություն: Մարին կատարել է՝ Դոտցաուեր՝ N33 էտյուդը,  Գոնս՝ Սկերցո,  Ա. Հարությունյան՝ էքսպրոմտ:

Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտունի Կոստանդյանն ասաց, որ իրենց ոգևորում է այն փաստը, որ թավջութակն իրականում ամեն տեղ ավելի քիչ է, քան ջութակը և 20 օրում մեկ դպրոցի երեք թավջութակահարներ դարձել են դափնեկիրներ:

«Բավականին դժվար ու հայտնի մրցույթներ են: Ես ինքս  միշտ խուսափում եմ այդ մրցույթներից  հատկապես տվյալ տարիքում, քանի որ երեխաներն ապրում են շատ լուրջ սթրես: Դժվար է հասունացման պրոֆեսիոնալ ժամանահատվածում ընդունել հարվածները, որոնք մրցույթներում շատ լինում են: Միաժամանակ մրցույթներին մասնակցությունը երաժիշտներին տալիս է փորձ»,- նշեց նա: 

Մարտունի Կոստանդյանի խոսքով, բազմաթիվ անգամ են ապացուցել, որ Հայաստանը, Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց տալիս է միանշանակ պրոֆեսիոնալ, լուրջ կրթություն, որն ընդունելի և հարգելի է աշխարհում:
 

Placeholder