Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի թավջութակահարները միջազգային մրցույթներից վերադարձել են մրցանակներով
Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտները մասնակցել են թավջութակահարների միջազգային մրցույթների, վերադարձել պարգևներով ու մրցանակներով:
Արտյոմ Իոանիսյանը (XI դասարան, դասատու՝ Գայանե Ռաֆայելյան) և Միքայել Ոսկանյանը (XI դասարան, դասատու Տիրուհի Սարգսյան) Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Մրցույթին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն կերպով հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը արժանացել է մեդալի և դափնեկրի կոչմանը։
Լրագրողների հետ հանդիպմանն Արտյոմ Իոանիսյանն ասաց, որ իր հաջողություններում մեծ դեր է խաղացել իր ուսուցչուհին, որն օր ու գիշեր աշխատել իր հետ:
Թավջութակահար Միքայել Ոսկանյանի խոսքով, մրցույթներին մասնակցությունը տալիս է մոտավորապես մի քանի անգամ ավելի շատ փորձ քան ձեռք կբերես մեկ-երկու տարվա համերգների ընթացքում:
10-ամյա թավջութակահարուհի Մարի Հակոբյանը (դասատու՝ Գայանե Ռաֆայելյան) Զագրեբում մասնակցել է Անտոբիո Յանիգրոյի թավջութակահարների 12-րդ միջազգային մրցույթին: Մարին մասնակցում էր առաջին` 9-11 տարիքային խմբում: Մասնակիցներն այդ խմբում 18 էին տարբեր երկրներից: Մարիին շնորհվել է առաջին տեղ և հատուկ մրցանակ:
Նա ասաց, որ առաջին անգամ է մասնակցել մրցույթին, ելույթի ժամանակ չի հուզվել:
«Երբ իմացա առաջինն եմ, շատ ուրախացա»,- ասաց փոքրիկ թավջութակահարուհին՝ նշելով, որ առաջիկայում այլ մրցույթների է մասնակցելու:
Անտոբիո Յանիգրոյի թավջութակահարների 12-րդ միջազգային մրցույթի պարտադիր ծրագիրը ներառում էր մեկ սոլո կատարում (էտյուդ կամ կապրիչիո), 1 ստեղծագործությըն մասնակցի երկրի որևէ կոմպոզիտորից, մեկ ազատ ստեղծագործություն: Մարին կատարել է՝ Դոտցաուեր՝ N33 էտյուդը, Գոնս՝ Սկերցո, Ա. Հարությունյան՝ էքսպրոմտ:
Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտունի Կոստանդյանն ասաց, որ իրենց ոգևորում է այն փաստը, որ թավջութակն իրականում ամեն տեղ ավելի քիչ է, քան ջութակը և 20 օրում մեկ դպրոցի երեք թավջութակահարներ դարձել են դափնեկիրներ:
«Բավականին դժվար ու հայտնի մրցույթներ են: Ես ինքս միշտ խուսափում եմ այդ մրցույթներից հատկապես տվյալ տարիքում, քանի որ երեխաներն ապրում են շատ լուրջ սթրես: Դժվար է հասունացման պրոֆեսիոնալ ժամանահատվածում ընդունել հարվածները, որոնք մրցույթներում շատ լինում են: Միաժամանակ մրցույթներին մասնակցությունը երաժիշտներին տալիս է փորձ»,- նշեց նա:
Մարտունի Կոստանդյանի խոսքով, բազմաթիվ անգամ են ապացուցել, որ Հայաստանը, Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց տալիս է միանշանակ պրոֆեսիոնալ, լուրջ կրթություն, որն ընդունելի և հարգելի է աշխարհում: