Խուդոյան. Եթե ցուցարարը մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց
Իրավունք
15:29 29/02/2020
Հայաստան

Խուդոյան. Եթե ցուցարարը մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց

«Մարտի 1-ի հիմնական խնդիրը 10 զոհերի մահվան սպանության հանգամանքներն են, որոնք 10 տարուց ավելի տարբեր ձևերով ներկայացվել են հանրությանը, ընդ որում  դա ավելի շատ իրականացվել է քարոզչական հնարքների տեսքով, ավելի  քիչ եղել են դրա տակ դրված փաստեր»,- Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ասաց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով, ուսումնասիրելով այդ հանգամանքները՝ տեսնում են, որ քարոզչությունը որոշակի  նպատակներ է ունեցել, հատկապես խնդիր է եղել ցույց տալու, որ բոլոր մահացած անձանց մահվան հանգամանքներում մեղավոր է պետությունը, ցույցերը եղել են խաղաղ, ցուցարարների կողմից որևէ բռնություն չի կատարվել, բոլոր մահերը պետության պատճառով են եղել:

Հ. Խուդոյանն անդրադարձավ ներքին զորքերի կապիտան Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին, որը առաջին մահացու վնասվածքն էր ստացել նռնակի պայթյունից: Նրա խոսքով, ընտրվում է ամենաձեռնտու վարկածն ու դրա վրա կառուցվում է վերջանական ցանկալի փաստարկը: Պաշտպանի խոսքով, եթե կապիտանի մոտ  մարտական նռնակ պայթած լիներ, նրա մոտ գտնվող զինվորները  չէին կարող բեկորային թեթև վնասվածքներ ստանալ:

Նախաքնության ընթացքում թերությունների մասին խոսելիս, մասնավորապես, որ Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնը կորել է, որևէ մեկը դրա տեղը չի իմացել, իշխանությունները կորցրել են, որպեսզի թաքցնեն, որ Թադևոսյանը կամ իր գործընկերներն անզգուշությամբ պայթեցրել են իրեն, Հ. Խուդոյանն ասաց. «Բայց, չգիտես ինչու, որևէ մեկը չի խոսում, որ այդ զրահաբաճկոնը հետո գտնվել է, դրա իսկությունը  ստուգելու համար անցկացվել են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում կենսաբանական, դատագենետիկական, հաստատել է, որ Համլետ Թադևոսյանի  զրահաբաճկոնն է: Ոչ մեկը չի նշում, որ հենց մետաղական բեկորներ են հայտնաբերել ինչպես նրա մարմնից, այնպես էլ  զրահաբաճկոնից ու հագուստներից, չի ներկայացվում, որ բեկորային  վնասվածքներ ստացած  տասից ավելի ոստիկանների մարմիններից և հագուստներից հանվել են բազմաթիվ բեկորներ, որոնք փորձաքննությունների արդյունքում համարվել են  բեկորային նռնակից կամ նռնակներից  առանձնացված բեկորներ:

Մյուս կողմից ունենք, որ դա  լուսաձայնային նռնակ էր, որը չունի այդքան էներգիա,  որ մասնատի տարբեր բեկորներ,  նախատեսված չէ անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Այդ նռնակները բազմաթիվ անգամ հանրահավաքներում կիրառվել են: Ես անձամբ տեսել եմ՝ ինչպես է մարդու ոտքը արյունահոսում դրա հետևանքով, բայց դրանք մակերեսային վերքեր են: Դրանց հետևանքով մահ չի առաջանում: Երբ այդ միֆը կառուցվում է հենց այն ուղղությամբ, որ ոստիկանն իրեն կամ իր գործընկերոջը պայթեցրեց ու ցուցարարները  որևէ մեղավորություն չունեն, նռնակն էլ մի կողմ թողնենք, տեսանյութերով հստակ տեսնում եք, թե ինչպես են ցուցարարները 10-30 շիշ մոլոտովի կոկտելներ վառում ոստիկանության զինծառայողների ոտքերի մոտ, էլի նյութերով հաստատված է, որ բազմաթիվ ոստիկաններ այրվածքներով գնացել են հիվանդանոց:

Նշվել է, որ եթե հաստատվեց, որ դա հատուկ միջոց է, ապա դա պետք է լինի ոստիկանինը, այլ ոչ թե ցուցարարներինը: Եթե ցուցարարը շրջանառությունից դուրս գտնվող մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց: Հենց սա էլ ելակետ է վերցվում, որպեսզի բախումների ամբողջ պատասխանատվությունը դրվի ոստիկանության վրա այն պարագայում, երբ որ բախումների սկզբնական պահին ոստիկանության առաջին շարքում կանգնած 18 տարեկանները համալրված են եղել բացառապես պաշտպանական միջոցներով և մահակներով:

Հենց նման անհամաչափ ուժի կիրառումը ոստիկանության նկատմամբ, առանց հետագա գործողությունների՝  խանութներ թալանելու ու առանց մեքենաներ այրելու, բավական է պնդել, որ առկա է եղել իրադրություն, որը կանխելու համար անհրաժեշտ են եղել շատ արագ ու խիստ միջոցառումներ»:

Placeholder
Խուդոյան. Եթե ցուցարարը մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց