Արքմենիկ Նիկողոսյանը շնորհավորում է իսկական գրողների տոնը
Մշակույթ
14:20 03/03/2020
Հայաստան

Արքմենիկ Նիկողոսյանը շնորհավորում է իսկական գրողների տոնը

Այսօր Գրողների միջազգային օրն է: «ՓԵՆ» ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ին նշվում է Գրողների միջազգային օրը: «ՓԵՆ» ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921թ.։ Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն "poets", "essayists" և "novelists" բառերի առաջին տառերից։

Panorama.am-ը զրուցեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ՝ ժամանակակից գրականության, այսօրվա գրական դաշտի, խնդիրների մասին:

Panorama.am- Որպես գրականագետ և գրողների հետ շատ շփվող մարդ՝ ի՞նչ եք մաղթում նրանց և շնորհավորական ի՞նչ խոսք կհղեք:

Ա. Նիկողոսյան- Շնորհավորում եմ բոլոր իսկական գրողներին, քանի որ ամեն գրիչ բռնող դեռ գրող չէ, ֆեյսբուքում ամեն ստատուս հրապարակող, դեռ գրող չէ:

Շնորհավորում եմ իսկական գրողների տոնը, բոլոր այն գրողների, որոնց գրականության, ստեղծածի մեջ կյանք կա և կյանքը փոխելու, կյանքն ավելի լավը դարձնելու ճիգ ու ջանք կա: Մաղթում եմ իրենց լավ օրեր, ունենան շատ ընթերցողներ, ստանան շատ հոնորարներ, շատ թարգմանվեն, իրենց գրականությամբ աշխարհը նվաճեն: Մեր գրողներին մաղթում եմ որևէ միջազգային շատ հեղինակավոր մրցանակ:

Panorama.am- Այսինքն, մենք ունենք այդ պոտենցիալն այսօր՝ և աշխարհը նվաճելու, և միջազգային հեղինակավոր մրցանակների արժանանալու:

Ա. Նիկողոսյան- Բնականաբար: Այսօր Հայաստանում կան շատ լավ գրողներ, որոնք ապրում են մեր կողքին, կա շատ լավ գրականություն, որին ուղղակի պետք է հաղորդակից լինել, որովհետև շատերը գնահատականները հնչեցնում են առանց կարդալու, ինչ-որ իներցիոն ուժով, բայց կարդալու դեպքում շատերը կփոխեն իրենց կարծիքը:

Մյուս կողմից, քանի որ տեղեկատվական դաշտերը բաց են, ամեն մեկն ունի գիրք տպելու, հրապարակումներ անելու հնարավորություն, շատերի մոտ թյուր ըմբռնումների տեղիք է տալիս, որովհետև ինչքան մարդկանց տաղանդը փոքր է, այնքան համառ են իրենք, ավելի շատ տեխնոլոգիաներ են կիրառում ինքնահռչակվելու և այլ հատկանիշների վրա: Ցավոք, այդ ընդհանուր համատեքստի մեջ ավելի օժտված, տաղանդավոր գրողներն երբեմն անտեսվում են: Բայց քննադատների, հրատարակիչների, գրական կայքերի կարևոր գործառույթն այն է, որ, իսկապես,  տաղանդերին առանձնացնեն, իրենց հանրահռչակմամբ զբաղվեն:

Բայց այն, որ այսօր ունենք շատ տաղանդավոր գրողներ, ընտիր գրականություն, քննարկման ենթակա չէ, կասկածի տեղիք էլ չպետք է տա::

Panorama.am- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա գրական դաշտը:

Ա.Նիկողոսյան - Մի քիչ խայտաբղետ, մի քիչ բազմազան, բայց մի տարածք է, որտեղ յուրաքանչյուրը դրսևորվելու հնարավորություն ունի, յուրաքանչյուրն իր ունեցած լծակներ է կիրառում: Ամենակարևորն այն է, որ կա ազատություն և դրսևորվելու հնարավորություն, ոմանք նախընտրում են սոցիալական ցանցերով դրսևորվել, մյուսները ցանկանում են գրքերով հրատարակվել, մյուսները տարբեր գրական կայքերի են դիմում, Գրողների միությունն է գործունեություն ծավալում, հրատարակիչներն են շատ կարևոր գործունեություն ծավալում հանրահռչակման գործում: Կարծում եմ՝ գրողը մի խնդիր պետք է ունենա՝ լավ գրել, քանի որ մնացած բաներն աստիճանաբար փոխվելու են: Վստահ եմ՝ գալու է ժամանակ, որ իսկապես լինելու են գրական ժամանակներ, գրականության ժամանակներ, գրողի ժամանակներ, այլ կերպ լինել չի կարող: Լավ գրողն իր ստեղծագործությամբ իրականությունը պայմանավորող է, այսինքն՝ իրականությունը, որի մեջ պետք է ապրենք:

Կարծում եմ, որ այսօր ժամանակակից հայ գրողները հրատարակվելու խնդիր չունեն, երևի այսօրվա խնդիրը լավ ընթերցող գտնելն է, ու լավ ընթերցողին էլ իսկապես լավ գրողի դուռը տանելը: Մարդիկ, որոնք կոչված են լինել միջնորդ, պետք է հանդիպեցնեն լավ գրողին ու լավ ընթերցողին:

Panorama.am -Ի՞նչ թեմաների են անդրադառնում ժամանակակից հայ գրողները:

Ա.Նիկողոսյան- Ամենաբազմազան: Կյանքն ինչպիսին որ է, այդպես էլ գրականության մեջ է: Դրանից գրականության շատ պոետիկ, վերերկրյա գործառույթը մի քիչ «տուժել» է, գրականությունն այսօր շատ է ձգտում լինել կյանքային, ռեալ, արձագանքել անգամ ամենափոքր խնդիրներին, որոնք հասարակությանը հետաքրքիր կլինեն: Դրանից պոեզիայում հատկապես վերացական մակարդակը մի փոքր նվազել է, բայց դա բերում է մեկ այլ շահեկանության, որ գրականությունը միշտ մոտ է եղել մարդուն, այսօր ավելի ու ավելի մոտ է մարդուն: Այսօրվա գրականությունն ըմբռնելու համար նաև շատ ճիգ պետք չէ, որպեսզի ասես՝ հասկանում ես, թե ոչ:

Panorama.am- Շնորհակալություն զրույցի համար:

 

Placeholder
Արքմենիկ Նիկողոսյանը շնորհավորում է իսկական գրողների տոնը