Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը
Իրավունք
13:32 03/03/2020
Հայաստան

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահության հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

«Դատարանը որոշեց պաշտպանության կողմի միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև  դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր էական ապացույցների  հետազոտումը»,- որոշման եզրափակիչ մասն ընթերցեց Դանիբեկյանը։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը։

Պաշտպանների միջնորդության հիմքում ընկած էր հայտնի «Յոթի գործը»։ Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:

Միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական կողմը ընդգծել էր, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում ընդունված 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

Placeholder
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը