Թատերագետ. Ինչպես կարող է ոչ կոմպետենտ ժյուրին որոշել՝ իմ թատերագիտական հայտն արժանի՞ է դրամաշնորհի, թե՞ ոչ
Մշակույթ
15:13 05/03/2020
Հայաստան

Թատերագետ. Ինչպես կարող է ոչ կոմպետենտ ժյուրին որոշել՝ իմ թատերագիտական հայտն արժանի՞ է դրամաշնորհի, թե՞ ոչ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վարում է դրամաշնորհային քաղաքականությունը, ինչն արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի գնահատմամբ, հրաշալի է, սակայն  միաժամանակ  խոսեց արատավոր երևույթի մասին, թե ովքեր են նստած ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների հանձնաժողովում:

«Մենք տեսնում ենք դրամաշնորհային ծրագրեր ու  դրամաշնորհից դրամաշնորհ տեսնում ենք նույն խմբի ներկայացուցիչներին, ովքեր ստանում են գումարներ: Առաջին դեմքերը փոխվել են, ինչը հույս է ներշնչում, իսկ երկրորդ էշելոնում նստած են նույն մարդիկ, հավաքված են ոչ  կոմպետենտ մարդիկ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանալ ասաց Անուշ Ասլիբեկյանը:

Նրա խոսքով, ժամանակակից քննադատության՝ լինի ավեստաբանություն, թատերագիտություն, գրականագիտություն,  քաջալերման համար ներկայացված է դրամաշնորհ, հարցում է արել պարզելու, թե ովքեր են դրամաշնորհային հանձնախմբի կազմում, որոնք պետք է քննեն թատերագիտական հայտը: Պարզել է, որ հանձնաժողովի 9 անդամից 8-ն առհասարակ կապ չունեն թատրոնի հետ, միայն մեկն է դրամատուրգ: 

«Ինչպես կարող է ոչ կոմպետենտ ժյուրին որոշել՝ իմ թատերագիտական հայտն արժանի՞ դրամաշնորհի, թե՞ ոչ»,- ասաց թատերագետը:

Ասուլիսին ներկա գրականագետ Անի Փաշայանն ասաց, որ ինքն էլ է բախվել նմանատիպ խնդրի:

«Մերժում են առանց բացատրելու: Ի՞նչ հիմքով է մերժվում հայտը, պետք է իմանանք, թե ինչ սխալներ են հայտնաբերել, արդյո՞ք  նույնիսկ այդ նյութին, արծարծվող թեմային տեղյակ են, թե՞ ոչ:  Հանգամանալից  ներկայացված հոդվածը կարող են դնել մի կողմ առանց պատճառաբանության: Լուրջ խնդիր է գիտնականի համար»,- ասաց նա:

Անի Փաշայանը նշեց, որ պետք է մերժվի անորակ գրականությունը. «Ոչ թե մերժումը պետք է լինի քեզ չեմ սիրում, քո գիրքը չեմ տպագրում, այլ ոչ, ես քեզ սիրում եմ, բայց չեմ տպագրում, ընթերցողն այդպիս գիրք չպետք է կարդա, մասնագետ եմ  ու եկել եմ նման եզակացության: Սա ոչ թե գրաքննություն է, այլ իսկական գրաքննադատություն է»:

Անուշ Ասլիբեկյանի խոսքով, այսօր շատ է պետք ներկայացնել մասնագիտական հմտությունները, քանի որ այնքան խեղվել են արժեքները, չափանիշները, մասնագիտական խոսքի օրհասական ծարավի ժամանակներ են, սակայն ներկայացնելու համար ընդամենը  2-3 հարթակ կա:

Բանաստեղծ Բենիկ Ստեփանյանի խոսքով, գրականությունն ու գրաքննադատությունը քույր և եղբայր են, սակայն անջրպետ է առաջացել այս երկու  ուղղությունների միջև:

«Ինչո՞ւ: Որովհետև, գրաքննադատությունն ընդհանրապես անտեսված է, գրաքննադատության ոլորտում որևէ աջակցություն չկա: Շատ գրականագետներ խուսափում են զբաղվել գրաքննադատությամբ, նաև վախենում են:

Գրաքննադատությունն այսօր տեղ չունի, իսկ եթե ուզում ենք ունենալ գրական ամուր ընթացք, ուրեմն գրաքննադատությանը պետք է մեծ տեղ հատկացվի»,- ասաց բանաստեղծը: 

Անուշ Ասլիբեկյանի խոսքով, այսօր գրական դաշտում ավագ և երիտասարդ սերնդի գրողների միջև կա  սարսափելի անջրպետ, ատելության հասնող անհանդուրժողականություն:
 

Placeholder