Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին
Առողջություն
19:12 06/03/2020
Հայաստան

Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին

 Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին Առողջապահության նախարարությունում մասնակցել է քննարկման՝ ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:  

Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:

Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

Placeholder
Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին