Վատիկանում կիրակնօրյա քարոզն իրականացվել է տեսահեռարձակմամբ
Հասարակություն
09:23 09/03/2020
Աշխարհ

Վատիկանում կիրակնօրյա քարոզն իրականացվել է տեսահեռարձակմամբ

Կորոնավիրուսը հանգեցրել է կրոնական ավանդույթների փոփոխության։ Եվրանյուզի հաղորդմամբ, առաջին անգամ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզն անցկացրել է տեսահեռարձակմամբ։ Սովորաբար պոնտիֆիկոսը հավատացյալներին է դիմում Վատիկանի պալատի պատուհանից։

«Թանկագին եղբայրներ և քույրեր, բարի օր։ Այսօր Աստծո Հրեշտակը աղոթքը հնչում է անսովոր պայմաններում։ Հռոմի պապը գրադարանում է։ Բայց նա ձեր կողքին է»,-ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Նա ընդգծել է, որ հավատացյալների հետ շփման նման միջոցի են դիմել, որպեսզի խուսափեն մարդկանց մեծաքանակ կուտակմանը և թույլ չտան վիրուսի հետագա տարածումը։ Քարոզի ժամանակ Ֆրանցիսկոսը համերաշխություն է հայտնել բոլոր հիվանդներին և նրանց օգնություն ցույց տվողներին։ Պապը նաև ասել է, որ տագնապ և ցավ է զգում Սիրիայի հյուսիս-արևմուտքում հումանիտար ճգնաժամի հետ կապված։ Հեռարձակումից որոշ ժամանակ անց Սրբազան քահանայապետը մոտեցել է Առաքելական պալատի պատուհանին ու ողջունել ոչ մեծաքանակ հավատացյալներին, որոնք հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում։
 

Placeholder