Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են տեղի ունենալ մեկ կամ երկու տարի հետո, եթե որոշում կայացվի չեղարկել 2020 թ. նախատեսած խաղերը, գրում է Wall Street Journal- ը՝ վկայակոչելով Ճապոնիայի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Հարույուկի Տակահաշիին: Այս մասին հայտնում է ռուսկան ՌԻԱ գործակալությունը։
Տակահաշին նշել է, որ միջոցառումը մինչև մեկ տարի հետաձգելը դժվար կլինի, քանի որ այս դեպքում դրանք կանցկացվեն մի շարք այլ կարևոր մարզական միջոցառումների հետ միասին: «Ավելի հեշտ կլինի օլիմպիական խաղերը երկու տարով հետաձգելը, քանի որ հաջորդ տարվա մարզական միջոցառումների ժամանակացույցը համարյա ամբողջությամբ համաձայնեցված է»,– ասել է նա:
Կորոնավիրուսի տարածման պատճառով պետությունները նախաձեռնում են անվտանգության բարձրացման տարբեր միջոցառումներ: Մասնավորապես, օլիմպիական որակավորման մի քանի մրցաշարեր արդեն իսկ հետաձգվել են: Բացի այդ, Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ օլիմպիական կրակի վառման արարողությունը, որն ավանդաբար անցկացվում է այս երկրում, կանցկացվի առանց հանդիսականների:
Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ նպատակ է հետապնդում հաջողությամբ անցկացնել Տոկիոյի օլիմպիական խաղերը, որոնք նախատեսված են անցկացնել հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Խաղերի կազմկոմիտեն փետրվարին հայտարարել էր իրավիճակի վերահսկման համար հատուկ աշխատանքային խմբի ձևավորման մասին: