Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընդգրկումն արցախյան հարցում կարող է ունենալ և ռազմական, և  քաղաքական բաղադրիչ
Քաղաքական
13:43 12/03/2020
Հայաստան

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընդգրկումն արցախյան հարցում կարող է ունենալ և ռազմական, և քաղաքական բաղադրիչ

«Քաղաքական բանակցություններից առաջ Թուրքիան արհեստականորեն օրակարգը հարստացնում է այլ հարակից թեմաներով, որպեսզի բանկցությունների ժամանակ ունենա մանրևելու հնարավորություն բանակցողի համար զգայուն թեմաների շուրջ»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի  նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկմանն ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Օրինակի համար նա  նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոսկովյան հանդիպումից առաջ, որի բուն օրակարգը Իդլիբն էր, Թուրքիան օրակարգ է մտցրել Արցախի հարցը, հանդիպումից երկու օր առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ բացահայտ քաղաքական մեսիջ հղելով, որ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ և տարածաշրջանային խնդիրներով հետաքրքրված ուժ, իր մտահոգությունն է հայտնում այս հարցի շուրջ։

«Սա քաղաքական օրակարգն արհեստականորեն հարստացնելու փորձ էր, երբ բանակցություների ժամանակ բացի Իդլիբից, թուրք-ռուսական այլ խնդիրներից արցախյան հարցն անուղղակիորեն մտնում է քաղաքական օրակարգ»,- ընդգծեց թուրքագետը:

Նրա խոսքով, Թուրքիայի արտաքին քաղաքականության իմիջային երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարման շրջանում իրեն հռչակել է տարածաշրջանային գերտերություն՝ այդպես համարելով, որ լեգիտիմ իրավունք ունի մասնակցելու տարածաշրջանային տարբեր հակամարտությունների հանգուցալուծմանը, քննարկմանը, հարցերի որոշելու գործընթացում: 

«Թուրքիան ընդգրկված է ոչ միայն Կիպրոսի, Էգեյան ծովի, Հունաստանի խնդիրների հետ կախված հարցերում, ընդգրկված է սիրիական հարցում, որոշակիորեն Իրաքի հետ կապված խնդիրներում: Թուրքիան այսօր ներկա է Լիբիայում, և, բնական է, որ ունի մեծ ցանկություն ընդգրկվելու նաև Արցախյան հարցում ևս։ Թուրքիան սկսած 1991 թվականից իրականացրել է քայլեր այս հարցում ընդգրկվելու համար, ընդ որում այդ ընդգրկումը կարող է ունենալ և ռազմական բաղադրիչ, և  քաղաքական ու դիվանագիտական բաղադրիչ»,- ասաց Ռ.Մելքոնյանը:

Նրա խոսքով, Թուրքիան  ապակառուցողական, կոնֆլիկտոգեն երկիր է, և նրա ընդգրկվածությունն այս հարցում Հայաստանի համար ունի ուղղակի անվտանգային կարևոր բաղադրիչ:

«Նրա գործունեությունը, գործելաոճն ուղիղ համեմատական է Հայաստանի  անվտանգային խնդիրների հետ, այս հարցը պետք է լինի մասնագիտական կարևոր  ուշադրության ներքո և այս հարցերում պոպուլիստական, ամբոխահաճո, հոխոռտանքներով լի մոտեցումները, ըստ էության,  տեղ չունեն: Սա վերաբերում է լիովին այլ ոլորտին: Այս մոտեցումերը կարող են ունենալ կործանարար հետևանք»,- Ռուբեն Մելքոնյանը:

Placeholder