Կոմայի մեջ գտնվող սպայի հայր. Մի հատ էլ ահ եք տալիս, թե դատի  կտաք, տղա եք՝ տվեք
Հասարակություն
12:05 12/03/2020
Հայաստան

Կոմայի մեջ գտնվող սպայի հայր. Մի հատ էլ ահ եք տալիս, թե դատի կտաք, տղա եք՝ տվեք

«Ես քաղաքական ուժերի հետ գործ չունեմ»,- լրագրողներին ասաց Եղեգնաձորում անցած տարվա սեպտեմբերին ծեծի հետևանքով մինչ օրս կոմայի մեջ գտնվող փոխգնադապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, որը կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում:  Նա պահանջում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Իմացա, որ արձակուրդում է: Հիմա պահանջում եմ կառավարությունից մեկնումեկը գա, իմ պահանջը լսի ու փոխանցի պարոն Փաշինյանին»,- նշեց նա:

Անցած շաբաթ նա իր բողոքն էր հայտնում «Մուրացան»-ի զինվորական հոսպիտալի դիմաց, ասում էր, որ չի վստահում իրականացվող քննությանը, համարում է որ այն ընթանում է անարդար, վստահ է, որ որդու ծեծին մասնակցել է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետը։ Պահանջում է տեսագրությունները, որպեսզի հանձնի անկախ փորձաքննության։ 

Նա նշեց, որ ցանկանում է իր այս մտահոգությունների մասին հայտնել հենց վարչապետին:

Ս.Մխիթարյանն ասաց, որ իրեն այսօր միացել են մարդիկ, որոնք իմացել են՝ ինքը կառավարության մոտ է լինելու: 

Նրա խոսքով, մարդիկ եկել են մարզերից, Գյումրիից, նաև Տավուշից, որոնք ճանաչել են որդուն:

«Իմ որդին նույն վիճակում է: Իրենց համար կոզր է, որ իմ որդին չի կարող մոտակա ժամանակներում արթնանալ, խոսել: Տղուս հարբեցողի տեղ են դնել: Դուք այդ  հարբեցող բառով չեք կարող ժողովրդին շեղել: Ձեզ որևէ մեկը բարոյական իրավունք չի տվել բանակի անվան հետ խաղալ:

Ոչ մի կենդանի մարդու ալիբի չունեն, որ գոնե մեկնումեկն ասի, թե ինչ է եղել: Ձերը միայն տեխնիկա է, ուզում եք ապացուցել տեխնիկայով, որ այդ մարդիկ այդտեղ չեն եղել: Մի ժիվոյ մարդու վկայություն չունեք: Իսկ մեր չորս աֆիցերի խոսքը գետնին եք գցում, մի հատ էլ ահ եք տալիս, թե դատի կտաք: Տղա եք՝ տվեք»,- նշեց նա:

Ս.Մխիթարյանի խոսքով, եթե իր ձայնն այսօր էլ չլսվի ու պատասխաններ չստանա,  խոստացել էր կտրուկ քայլերի դիմել, պատրաստ է անել:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը սեպտեմբերի 18-ից մինչ օրս կոմայի մեջ է։
2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ  է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Այս դեպքով  հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել էր,  մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, կալանավորվել էր նաև Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել:
 

Placeholder
Կոմայի մեջ գտնվող սպայի հայր. Մի հատ էլ ահ եք տալիս, թե դատի կտաք, տղա եք՝ տվեք