Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը կոծկում է անօրինական ծառահատման դեպքերը.Ա.Բեգլարյան
Իրավունք
19:22 14/03/2020
Հայաստան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը կոծկում է անօրինական ծառահատման դեպքերը.Ա.Բեգլարյան

Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանն աշխատանքից ազատվել է մոտ երկու շաբաթ առաջ: Նա դիմել է դատարան և   պնդում է, որ  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը իրեն  աշխատանքից ազատել է  անօրինական։

Panorama.am-ի հետ զրույցում Արթուր Բեգլարյանն իր աշխատանքից ազատման պատճառը կապեց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումների հետ:

«Դիլիջան ազգային պարկում ստուգումներ ենք արել և բավականին խախտումներ հայտնաբերել՝ ապօրինի ծառահատման մասով, շուրջ 28 մլն դրամի վնաս : Ակտ ենք ձևակերպել և այն  օրինական ուժի մեջ է մտել: Այս դեպքում,եթե  ակտի գումարի չափը գերազանցում  է  100 000-ը, ապա պետք է ուղարկվի իրավապահ մարմիններին: Սակայն նա դա չի արել և անընդհատ ձգձգել է:Մեզ էլ իր մոտ չէր ընդունում,որ քննարկեինք  և այդպես անհարկի ձգձգում էր»,-ասաց Բեգլարյանը:

Նրա համոզմամբ ՝ ձգձգման պատճառն  անտառում անօրինական ծառահատման  հետքերը վերացնելն է: Իր ՝աշխատանքից ազատման պատճառը ևս կապում  է այդ  դեպքի հետ.
«Ժամանակն անցնում էր, հետքերն էլ կարող էին կվերանան, կոճղերը  եթե խախտում անողները   անտառապահների  հետ համագործակցում են, ապա վառում են, վերացնում են, հետո ձյուն է գալիս ,արդեն հայտնաբերելը դժվար է լինում: Հետո ,եթե տարին փոխվի, արդեն ավելի դժվար կլինի գտնել հետքերը, օրինակ ՝ կնիքը: Ոնց որ հատուկ ձգձգվեր այս ամենը,որ իրավապահներին չուղարկվեր»,-պարզաբանում է Բեգլարյանը:

Նշենք, որ  «Դիլիջան ազգային պարկ»-ում  2019թ․ հոկտեմբերի 9-ի ստուգման ակտով արձանագրվել է ապօրինի հատված 257 ծառ և դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է  շուրջ  28 մլն դրամի չափով վնաս։  

Նմանօրինակ մի դեպքի մասին էլ պատմեց Բեգլարյանն,  այս անգամ Լոռու մարզում, խոսքը 25 անօրինական հատված ծառի մասին է:

«Պետք է գնային տեղում արձանագրությունը կազմեինք: Փոխանակ արագ արվեր գործը, հակառակը   ձգձգվում էր՝ գործը կոծկելու նպատակով»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը,թե ո՞րն է տեսչության ղեկավարի շահը՝ անօրինական գործերն անընդհատ  կոծկելու  և իրավապահ մարմիններին չհանձնելու մասով : Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի արդեն նախկին  պետը կարծիք հայտնեց.«Ես ունեմ ներքին համոզմունք, հույս ունեմ քրեական գործի շրջանականերում  մանրամասն  կբացահայտվի,Ավետիսյանն այս գործում  իր շահերն ունի»: 

Մեր դիտարկմանը,թե ո՞ւմ հետ է կապված նրա շահը, Դիլիջան ազգային պարկի տնօրենի՞, Բեգլարյանն առարկեց. «Ոչ, իրենք նույնիսկ տնօրենին էին ուզում հանել գործից, քանի որ բավականին խախտումներ էր վերացրել: Իմ կարծիքով  նրանց կապը  փայտի գործով «մաֆիայի» հետ է: Նրանք ուզում են շարունակել իրենց փայտի գործը: Սա իմ եզրակացությունն է»:

Այսուհանդերձ, Արթուր Բեգլարյանը դիմել  է  դատարան և աշխատանքից  ազատման  հարցը վիճարկելու  է  դատարանում: Ասում է՝ ունի բավականին փաստեր՝ գործը շահելու համար, արդեն ներկայացրել են իրավապահ մարմիններին, ինչի առթիվ գործ է հարուցվել:

Դիմեցինք  Բնապահպանության և ընդերքի տեսչություն՝  վերը հնչեցված մեղադրանքների մասով պարզաբանումներ ստանալու համար:  Պատասխանը ստանալու դեպքում, կհրապարակենք նաև  նրանց  պարզաբանումը:

Placeholder