Վճարումներն իրականացրեք առցանց,իսկ թոշակառուները կշարունակեն թոշակ ստանալ փոստային ծառայությունում.նախարար
ՏՀՏ-ն Հայաստանում
20:26 17/03/2020
Հայաստան

Վճարումներն իրականացրեք առցանց,իսկ թոշակառուները կշարունակեն թոշակ ստանալ փոստային ծառայությունում.նախարար

Հեռահաղորդակցության ոլորտում հիմնականում աշխատում են առցանց: Այս մասին  լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:  Նրա  հավաստմամբ՝   որևէ խնդիր աշխատանքի հետ կապված չի առաջանա:

«Սպասարկման ոլորտներում կան սահմանափակումներ: Վճարումների հետ կապված բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարումների ծառայություններ: Ես կոչ եմ անում, օգտվել առցանց ծառայություններից»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է փոստային ծառայություններին, ապա Արշակյանը տեղեկացրեց, որ թոշակառուները կշարունակեն թոշակ ստանալ  փոստերից:

«Փոստը  կենսաթոշակների և նպաստների հիմնական օղակն է, այս տեսանկյունից որևէ խափանում չենք ունենա:  Փոստային ծառայությունները կշարունակեն իրենց գործունեությունը: Այնուամենայնիվ խնդրել ենք զերծ մնալ մարդկային  կուտակումներից: Այդ պատճառով  հսկողություն է իրականացվելու և սահմանափակվելու է ներսում մարդկանց մեծ թվով մուտքը: Տարածքները պարբերաբար ախտահանվելու են: Եթե հնարավոր է ծառայությունը մատուցել դեպի տուն, ապա դա  կարվի»,-տեղեկացրեց Հակոբ Արշակյանը:

Նախարարը նաև  տեղեկացրեց,որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՏՏ ոլորտի մասնագետների, տվյալագետների, նաև Առողջապահության նախարարության մասնագետների կողմից տվյալների հավաքագրման մասով:

Պատասխանելով ինտերնետ սակագների հնարավոր  փոփոխությունների մասին հարցին, նախարարն ասաց, որ այս պահին սակագների որևէ վերանայում չի նախատեսվում:

 

Placeholder