Լոնդոնում գտնվող հայ բռնցքամարտիկները չգիտեն՝ երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան
Սպորտ
15:38 17/03/2020
Հայաստան

Լոնդոնում գտնվող հայ բռնցքամարտիկները չգիտեն՝ երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան

Լոնդոնում տեղի են ունեցել բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի հերթական փուլի հանդիպումները։ ՀԱՕԿ հաղորդմամբ, Հայաստանի մարզիկներից առավել գոհացրել է Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեր հավաքականի համար այդ  հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը դարձել է  Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։ Նման պատվի կարժանանար նաև Արթուր Բազեյանը /57 կգ / , եթե չպարտվեր Ուկրաինայի ներկայացուցչին։ Գլխիկոր ռինգին հրաժեշտ են տվել նաև Գուրգեն Մադոյանը / 69 կգ/ և   կանանց մրցաշարի մասնակից Անուշ Գրիգորյանը /51 կգ /։

Հայաստանի թիմի անդամներից մրցումային օրվան հաղթական վերջակետ է դրել  Արման Դարչինյանը / 75 կգ /։ Դա վերջին մրցելույթն էր լոնդոնյան ստուգատեսում, քանզի մարտի 16 – ը, փաստորեն, հանդիսացել է  մրցաշարի վերջին օրը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվել են։ Պատճառն արդեն հայտնի կորոնավիրուսն է։

ՀԱՕԿ-ը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ։ Նա ասել է, որ հայ մարզիկները լավ մարզավիճակում են և հնարավոր էր, որ  թիմը մի քանի օլիմպիական ուղեգրով Լոնդոնից վերադառնար հայրենիք։

Լուրեր են պտտվում, որ, հավանական է, նույն վիճակահանությամբ շարունակվեն հետագա հանդիպումները։ Թե երբ դրանք կկայանան, իհարկե, հայտնի չէ։ Հայաստանյան պատվիրակությունն առայժմ չգիտի նաև, թե երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան։

 

Placeholder