Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտի 1-ին առաջին անգամ հայտարարվեց, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի դեպք։ Քաղաքացին եկել էր Իրանից։ Մարտի 17-ի ժամը 00։00 դրությամբ պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա կորոնավիրուսով վարակի 52 դեպք։ Դեպքերի մեծ մասը փոխկապակցված են Էջմիածնում գրանցված դեպքի հետ, երբ վարակված կինը մասնակցել էր նշանադրության արարողության։
Մարտի 15-ին հայտարարվեց, որ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտնեց, որ կորոնավիրուսի նոր արձանագրված դեպքերից երկուսը «ոնց որ թե, վստահ չեմ, Չարենցավանում են»։
Նա նաև հայտնեց, որ Երևանում այն արտադրամասը, որտեղ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ են հայտնաբերվել, գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում:
Panorama.am-ը դիմեց առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք վարակվածների մեջ կան այլ քաղաքներից բնակիչ ևս։
«Տարբեր տեղերից»,- ասացին նախարարությունից՝ քաղաքների անուններ չնշելով։
Նշեցին, որ իրավիճակն ամեն րոպե կարող է փոխվել, իսկ այս պահին կարևորն ու արդիականն այն է, որ հետևեն առողջապահության նախարարության խորհուրդներին։
Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանն էլ ասաց, որ Չարենացավանի երկու քաղաքացին առայժմ թեստավորման փուլում են, նրանք Երևանում աշխատելուց են եղել, կասկածն այնտեղից է, որ վարակվել են։ Նա նշեց, որ քաղաքում իրականացվում են այն բոլոր միջոցառումները, ինչ իրականացվում է հանրապետության մյուս քաղաքներում՝ պետական կառույցներում աշխատողների մի մասը ժամանակավորապես տանն են, համայնքապետարանի ենթակայության հիմնարկների շենքերն ախտահանվում են, Չարենցավան-Երևան երթուղու տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, իսկ ներքաղաքային երթուղի չունեն։
Ս.Մուրադյանն ասաց, որ համագործակցում են հիվանդանոցի հետ, առայժմ հստակ դեպք չի արձանագրվել։
Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մեղրի համայնքում նոր կորոնովիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով դադարեցվում են միջհամայնքային տրանսպորտի աշխատանքները, համայնքապետարանի «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ»֊ը կշարունակի իր աշխատանքը, մնացած ծառայությունները կմատուցվեն սահմանափակ ռեժիմով, հորդորում են ՔՍԳ ներկայանալ խիստ անհրաժեշտության դեպքում։
Էջմիածնում հիմնական ախտահանման աշխատանքները սկսվեցին ու ակտիվացան Panorama.am-ի՝ քաղաքապետարանին ուղղված հարցերից ու հանրային պահանջից հետո։ Այժմ Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները պարբերաբար տեղեկացնում ու տեսանյութեր են հրապարակում, թե ինչ միջոցառումներ են իրականացնում հանրային առողջությունը պահպանելու և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։