Ամբողջովին կդադարեցվեն ներմարզային ուղևորափոխադրումները
Հասարակություն
12:50 27/03/2020
Հայաստան

Ամբողջովին կդադարեցվեն ներմարզային ուղևորափոխադրումները

«Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում պարետի կողմից սահմանափակումներ են մտցվել որոշ ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներում»,- ասաց Տարածքային կառավարման զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։ 

Նա նշեց, որ ներկայում գործում է ներմարզային ուղևորափոխադրում Շիրակում, Սույունիքում,  Կոտայքում և Լոռիում,  ներահամայնքային՝ Շիրակի, Տավուշի, Լոռու, Սյունիքի,  Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, մնացած մարզերում ներմարզային և ներհամայնքային երթուղիները չեն գործում։

«Այսօր պարետի որոշմամբ նախատեսվում է արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները, որոնք իրականացվում էին 5 մարզերում»,- ասաց նա։ 

Փոխնախարարը նշեց, որ ավիացիայի ոլորտում կայուն գործում են 4 ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ և «Բելավիան» առաջիկայում կիրականացնի մեկ չվերթ Մինսկ-Երևան ուղղությամբ:

«Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6 հազար ուղևոր, ապա այսօր այն կազմում է 800 ուղևոր»,- նշեց փոխնախարարը։

Լրագրողների դիտարկմանը, թե մարզերում բնակվողների համար միջմարզային տրանսպորտը չի գործում և մարդիկ տաքսիներով են հասնում սննդի ոլորտում աշխատանքի, Արմեն Սիմոնյանը պատասխանեց. «Սահմանափակումները վիրուսի տարածման կանխարգելման համար են: Դրա համար էլ դադարեցվել են միջմարզային երթևեկությունը: Իսկ բողոք չենք ստացել, որ սննդի արտադրամասերի աշխատակիցները խնդիր ունենան տեղաշարժի հետ կապված, եթե լինի՝ կքննարկվեն և լուծումներ կտրվեն»։

Փոխնախարարը, պատասխանելով լրագրողի հարցին, հայտնեց, որ չունի տեղեկություն բեռնափոխադրումների տոտալ սահմանափակումների մասին:

Placeholder
Ամբողջովին կդադարեցվեն ներմարզային ուղևորափոխադրումները