Մահացել է Լևոն Արոնյանի կինը
Օրվա թեմա
08:06 31/03/2020
Հայաստան

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Մահացել է հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանե Կաոլին։

«Բառեր չունեմ արտահայտելու իմ կսկիծը կնոջս՝ Արիաննեի մահվան կապակցությամբ։ Նա ինտիլիգենտ, աշխատասեր, ուրախ անձնավորություն էր, որ գեղեցիկ կյանք ապրեց...

 Սիրում եմ քեզ, քաղցրս, ննջիր խաղաղությամբ»,-գրել է Լևոն Արոնյանը թվիթերի իր էջում։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին  Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Արիաննեի  վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենանբախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել նրան, ապա հոսպիտալացրել «Աստղիկ»  ԲԿ:

Արոնյանն ու Արիաննեն ամուսնացել են 2017-ի սեպտեմբերին, մինչ այդ նրանք ավելի քան տասը տարի միասին էին ապրում։

Արիաննեն հանդես էր գալիս տարբեր նախաձեռնություններով։ Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում:

2018-ին նա հայտարարեց՝  մտադիր է հեծանվով 1800 կմ տարածություն հաղթահարել՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամին» օգնելու համար: 

«Ուրախ եմ հայտարարել, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու. հեծանվով անցնելու եմ 1800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:

Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Ես լինելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձանների մոտ: Որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար, ինձ կուղեկցի մեկ մեքենա: «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» բոլոր երեխաները մեր ապագան են»,-ասել էր նա։

2017-ին նա նշանակվել էր Հայաստանի վարչապետի օգնական։ Արիաննե Կաոիլիին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ էր: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված էև եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվաական խմբում:

 

Placeholder