Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը
Առողջություն
09:10 02/04/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը

Թբիլիսիում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր առողջական վիճակով հիվանդը: 47-ամյա կինն, ով մեկ շաբաթից ավելի շնչում էր շնչառական սարքի միջոցով, հիվանդանոցից դուրս կգրվի այսօր:

«Ամենածանր պացիենտը ողջ երկրի մասշտաբով, որը բուժվում էր մեր կլինիկայում, ապաքինվել է»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:

Նրա խոսքով, կինն ուներ նաև սրտի խնդիրներ: Հիվանդանոց դիմելուց առաջ նրա մոտ արդեն գրանցված է եղել երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական խնդիր: Պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի՝ նման հիվանդությունների հետ համադրությունը համարում է բարձր ռիսկային: Ռատիանին կնոջ դեպքը որակել է «Վրաստանի առողջապահական համակարգի հաղթանակը»:

«Գոյություն ունի նման պացիենտների որոշակի սանդղակ: Դեպքերի 97 տոկոսն ավարտվում է մահով, սակայն այս կինն ապրեց»,- ասել է Ռատիանին՝ հավելելով, որ կինը 2 շաբաթ կգտնվի ինքնամեկուսացման մեջ:

Նույն աղբյուրը գրում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Երկրում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է վարակման 117 դեպք, որից 23-ն ապաքինվել են:

Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի, նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ:

Երկրորդ հիվանդը Բաթումիից է, 10 տարեկան է, ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել ծնողների հետ, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել:

Ապրիլի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Վրաստանի մասշտաբով կարանտինում է 5783 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 301 մարդ:

 

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը