Փաշինյան. Արցախում ժողովրդավարության զարգացումը կարևոր է հարցի արդարացի կարգավորման տեսակետից
Քաղաքական
11:27 02/04/2020
Հայաստան

Փաշինյան. Արցախում ժողովրդավարության զարգացումը կարևոր է հարցի արդարացի կարգավորման տեսակետից

Գործադիրի հերթական նիստում մինչ օրակարգում ընդգրկված հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։

«Ես ուզում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին, շնորհավորել մեզ բոլորիս տեղի ունեցած ընտրությունների առիթով։ Կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, որոնց մասին փաստում են հրապարակված տվյալները»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, նախագահական ընտրություններն առաջին փուլով հանգուցալուծելու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել մի քանի հարյուր ձայն։

«Այս փաստը բավականին խոսուն է։ Խոսուն են նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, բավականին խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրել են ընդդիմադիր ուժեր։ Կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության զարգացումը կարևոր է հարցի արդարացի կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման տեսակետից»,- նշեց նա։

 

Placeholder
Փաշինյան. Արցախում ժողովրդավարության զարգացումը կարևոր է հարցի արդարացի կարգավորման տեսակետից