Ֆեյսբուքյան գրառումները կեղծ պնդում են, որ ԱՄՆ-ն ձերբակալել է գիտնականի, որը «ստեղծել» է կորոնավիրուսը. Ֆրանս-Պրեսս
Իրավունք
12:26 06/04/2020
Աշխարհ

Ֆեյսբուքյան գրառումները կեղծ պնդում են, որ ԱՄՆ-ն ձերբակալել է գիտնականի, որը «ստեղծել» է կորոնավիրուսը. Ֆրանս-Պրեսս

Վերջին օրերին ֆեյսբուքում տարածվում են հազարավոր գրառումներ ու տեսանյութեր, որոնցում ԱՄՆ պաշտոնյաները խոսում են լրագրողների առաջ։ Տարածվող տեսանյութն ուղեկցվում է գրառմամբ, թե ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում են Հարվարդի համալսարանի գիտնականի ձերբակալության մասին, որը «ստեղծել» է նոր կորոնավիրուսը:

Այս տեսանյութերին է անդրադարձել Ֆրանս-Պրեսս գործակալության «factcheck»-ը, նշելով, որ կադրերը ոչ մի առնչություն չունեն COVID-19-ի հետ, և գիտնականները հերքել են այն պնդումները, թե վիրուսը միտումնավոր է ստեղծվել:

«ԱՄՆ-ը ձերբակալել է չինացի գիտնականին, որը ստեղծել է կորոնավիրուսը (sic)», - ասվում է MOB հեռուստաընկերության ավելի քան 3500 անգամ տարածած տեսանյութի վերնագրում, ֆեյսբուքյան էջ, որը ներկայացնում է Նիգերիայի նորությունները:

Տեսահոլովակում ներկայացված են ԱՄՆ արդարադատության նախարարության երկու պաշտոնյաներ, որոնք խոսում են մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք այսօր այստեղ ենք հայտարարելու երեք առանձին դեպքեր, որ ցույց է տալիս Չինաստանի տնտեսական լրտեսության և հետազոտությունների գողության շարունակվող սպառնալիքը», - ասում է պաշտոնյաներից մեկը։

«Չինաստանի կոմունիստական կառավարության նպատակը, պարզ ասած, Միացյալ Նահանգներին փոխարինելն է՝ որպես աշխարհի առաջատար գերտերություն, և նրանք խախտում են օրենքները՝ դրան հասնելու համար», - ասում է նրա կոլեգան, ավելի ուշ կադրերում:

«Այնուամենայնիվ, դրանք ոչ մի ձևով չեն վերաբերում կորոնավիրուսային համաճարակին, որը խլել է ավելի քան 50,000 կյանք ամբողջ աշխարհում, ապրիլի 3-ի դրությամբ»,-այս մասին գրում է Ֆրանս-Պրեսս գործակալությունը (AFP)։

AFP-ն, օգտագործելով «InVID We Verify» գործիքը, ցույց է տալիս, որ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ Բոստոնում։

Գիտնականին մեղադրանք  առաջադրվել է

Ասուլիսում Մասաչուսեթս նահանգի դատախազ Էնդրյու Լելինգը և Բոստոնի հետախուզական դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ժոզեֆ Բոնավոլոնտան հայտարարել են Հարվարդի գիտնականի և Չինաստանի երկու քաղաքացիների ձերբակալության մասին՝ Չինաստանի հետ ենթադրյալ կապերը թաքցնելու համար:

AFP- ն հայտնում է, որ ԱՄՆ դատախազները մեղադրում են Հարվարդի համալսարանի քիմիայի և քիմիական կենսաբանության ամբիոնի վարիչ Չարլզ Լիբերին այն բանի համար, որ նա թաքցրել է իր դերը Չինաստանի կառավարության՝ առևտրային գաղտնիքների գողանալու ծրագրում։

Երկու այլ գիտնականներ, երկուսն էլ Չինաստանի քաղաքացի, նույնպես մեղադրվել են ԱՄՆ-ում՝ չինացի գիտնականների կողմից ենթադրաբար հարյուրավոր գողության դեպքերի հետաքննության շրջանակներում:

Ձերբակալությունները լայնորեն լուսաբանվել են տեղական ԶԼՄ-ների կողմից։

Այս պնդումները պաշտոնապես ներկայացված են նաև ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, որը թվագրվում է հունվարի 28-ին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարվարդի համալսարանի քիմիայի և քիմիական կենսաբանության ամբիոնի վարիչն ու Չինաստանի երկու քաղաքացի մեղադրվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը օժանդակելու մեջ։

«Այսօր առավոտյան ձերբակալվել է Հարվարդի համալսարանի քիմիայի և քիմիական կենսաբանության ամբիոնի վարիչ, 60-ամյա դոկտոր Չարլզ Լիբերին, որին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ նյութապես կեղծ, մտացածին և կեղծ հայտարարություն անելու կետով»,-ասվում է հունվարի 28-ի հաղորդագրության մեջ։

Մեղադրվող Չինաստանի մյուս քաղաքացին, 29-ամյա Յանքինգ Յեին մեղադրանք է առաջադրվել վիզայի կեղծիքների, կեղծ հայտարարություններ անելու, որպես օտարերկրյա կառավարության գործակալ հանդես գալու համար։ Նա այդ ժամանակ եղել է Չինաստանում:

Չինաստանի  քաղաքացի 30-ամյա Զաոսոնգ Ժենգը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին՝ Բոստոնի Լոգանի միջազգային օդանավակայանում և քրեական գործով մեղադրվում է Չինաստան կենսաբանական հետազոտությունների 21 սրվակ մաքսանենգ ճանապարհով տանելու փորձ կատարելու մեջ: Նա կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերի 30-ից:

Վիրուսը մարդու կողմից ստեղծված չէ

AFP-ն գրում է, որ փորձագետները հերքել են այն տեսությունը, որ նոր կորոնավիրուսը միտումնավոր է ստեղծվել: Lancet հայտնի բժշկական ամսագրում տպագրված նամակում, առողջապահության ոլորտի տարբեր գիտնականներ ասում են, որ վիրուսը «ծագել է վայրի բնության մեջ»:

«Մենք միասին ենք՝ խստորեն դատապարտելու դավադրության տեսությունները, որոնք նշում են, թե COVID-19-ը բնական ծագում չունի: Բազմաթիվ երկրների գիտնականներ ... եզրակացրել են, որ այս կորոնավիրուսը ծագել է վայրի բնության մեջ, ինչպես և շատ այլ առաջացող պաթոգեններ»:
ԱՄՆ Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները նաև տպագրել են մի հոդված, որում ասվում է, որ «չկա հավաստի ապացույց», որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում:

Placeholder
Ֆեյսբուքյան գրառումները կեղծ պնդում են, որ ԱՄՆ-ն ձերբակալել է գիտնականի, որը «ստեղծել» է կորոնավիրուսը. Ֆրանս-Պրեսս