Փոխնախարար. Հեռավար կրթության գործընթացում ունենք ավելի քան 80 տոկոսի մասնակցություն
Կրթություն, գիտություն
12:55 07/04/2020
Հայաստան

Փոխնախարար. Հեռավար կրթության գործընթացում ունենք ավելի քան 80 տոկոսի մասնակցություն

ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է մարզային հեռուստաընկերությունների հետ, ինչի արդյունքում տեսադասերը հասանելի է նաև մարզային հեռուստաընկերությունների եթերում՝ ապահովելով ավելի լայն լսարան։ Ասուլիսում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, սա հատկապես կարևոր է, քանի որ մարզերից ու Երևանից ստացած ամփոփ տվյալների համաձայն, աշակերտների ու ուսուցիչների որոշակի խմբեր չունեն հասանելիության սարքեր, չեն կարողանում  միանալ հեռավար ուսուցմանը։

«Առնվազն 24 հազար սարքի մասին ենք խոսում, լրացուցիչ հստակացման ու ճշգրտման կարիք կարող է ունենանք, հավաքագրվել են առաջին ձեռքից։ Կարծում եմ, որ տեսադասերն ու բովանդակությունը, որ մենք մշակում ենք ու հասանելի ենք դարձնում այս պայմաններում, ապահում է մարդկանց ներգրավածությունը, եթե չկան այդ սարքերը»,- ասաց փոխնաարարը։

Ժ. Անդրեասյանը նշեց, որ արդեն հավաքագրել են 600 սարքավորումներ՝ համակարգիչներ, պլանշետներ, հեռախոսներ, մի զգալի մասը նոր է, տրամադրել են մարզերին, նաև քարտեր են տրամադրել։ Նա նշեց, որ ունեցել են նվիրաբերություններ կազմակերպությունների, նաև ֆիզիկական անձանց կողմից։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ մարտի 26-ից գործարկել են էլեկտրոնային մատյանը, արձանագրում են, թե ինչպես է իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում,  ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները։ Նրա փոխանցմամբ, ուսուցիչների արդեն 80 տոկոսն այնտեղ գրանցված է։

«Մարզերից ստացած տեղեկությունների համաձայն՝ ունենք հեռավար կթրության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն։ Խոսքն աշակերտական համակազմի մասին է»,- ասաց Ժ. Անդրեասյանը։

Նա նշեց, որ համագործակցում են հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, ձեռք են բերել համաձայնություն՝ ունենալ մատչելի սակագին կրթական ծառայություններից օգտվելու համար։

«Արդեն այդ ծառայությունները հասնալեի են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, առաջիկայում հասանելի կլինեն Բիլյանի ու Յուքոմի բաժանորդների համար»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Հարցին՝ երաժշտական, պարի դպրոցների համար ի՞նչ ծրագրեր են մշակված, փոխնախարարն ասաց. «Իհարկե, ունենք օբյեկտիվ խնդիրներ հեռավար ուսուցում կազմակերպելու այնպիսի դեպքերում, երբ պահանջվում է գործնական մասնակցություն։ Այս պարագայում, կարծում եմ, պետք է կարողանանք լրացնել այդ անհրաժեշտ ծավալն այն ժամանակահատվածում, երբ դրա հնարավորությունը կլինի»։

Ժ. Անդրեասյանի խոսքով, հստակ պետք է հասկանալ, որ հեռավար ուսուցումը որևէ դեպքում չի դիտվում առկա ուսուցմանն ամբողջությամբ փոխարինող։

Placeholder
Փոխնախարար. Հեռավար կրթության գործընթացում ունենք ավելի քան 80 տոկոսի մասնակցություն