Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը (լրացված)
Առողջություն
13:38 11/04/2020
Հայաստան

Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը (լրացված)

Գեղարքունիքի մարզն այլևս միակը չէ, մարզում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել, իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Panorama.am-ը տեղեկացավ, որ վարակված քաղաքացին 10 օր պառկած է եղել մարզային հիվանդանոցներից մեկում, ապա տեղափոխվել է «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոց։

«Հիվանդը տասը օր պառկած է եղել մարզային հիվանդանոցներից մեկում, նրա հետ կոնտակտի մեջ եղած բոլոր քաղաքացիներին զգուշացրել ենք, որ ինքնամեկուսանան»,- Panorama.am-ը տեղեկացավ մարզպետարանից։

Թե դեպքը մարզի կոնկրետ որ համայնքում է տեղի ունեցել, մարզպետարանից հրաժարվեցին նշել, որպեսզի համայնքը չթիրախավորվի։

Panorama.am-ը տեղեկացավ. որ դեպքը գրանցվել է Մարտունու տարածաշրջանում։ Աստղաձոր գյուղի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիվանդը պառկած է եղել Մարտունու բկ-ում, ապա նրան տեղափոխել են Երևան։

«Կոնտակտավորներին զգուշացրել ենք, որ ինքնամեկուսանան»,- ասաց Խաչատրյանը։

Ավելի ուշ  Panorama.am-ին Աստղաձորի համայնքապետը հայտնեց, որ վարակվածը 32 տարեկան կին է, ով ապրում է անկողնային հիվանդ սկեսրոջ և երկու անչափահաս երեխաների հետ։ Ամուսինը արտագնա աշխատանքի է եղել, սակայն վերվերս վերադարձել է Հայաստան և միանգամից մեկուսացվել է, չի հասցրել գյուղ գալ։                       

Ըստ համայնքապետի՝ կնոջ ընտանիքի անդամենրին մեկուսացրել են։

Հարցին՝ արդյո՞ք արդեն պարզ է շփման շրջանակը, Խաչատրյանը հայտնեց, որ գյուղի կինը ծայրամասում է բնակվելիս եղել, և մեկ-երկու ընտանիքի հետ է շփում ունեցել։

Իսկ թե ումից կարող է վարակված լինել, համայնքապետը հայտնեց՝ լուրեր կան, որ Արարատից այդ կնոջ քույրն է եկել և հնարավոր է՝ նրանից վարակված լինի։

Տեղեկացնենք նաև, որ հիվանդի հետ շփման մեջ գտնվող երկու բժիշկ թեստավորվել է, թեստի պատասխանը պարզ կլինի վաղը։

Placeholder
Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը (լրացված)