Արսեն Թորոսյան. Թեստավորման թափ հավաքելու պրոցեսը սկսված է
Առողջություն
12:19 13/04/2020
Հայաստան

Արսեն Թորոսյան. Թեստավորման թափ հավաքելու պրոցեսը սկսված է

Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին՝ օրակարգը հաստատելուց հետո  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի վարակակիրների վերաբերյալ վերջին տվյալները։ 

«Ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Այսինքն, այն նպատակադրումը, որ ունեինք մեծացնելու թեստավորուման հնարավորությունը, իրագործվում է։ Օրինակ շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ»,-ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այսինքն, գործնականում կա՞ օրական 1000 թեստ անելու հնարավորություն,  պարզապես պե՞տք է ցուցում ունենանք։

«Այսինքն, մենք չպետք է փողոցից մարդուն հրավիրենք, ասենք, կներեք, եկեք ձեզ թեստ անենք»,-նկատեց Փաշինյանը։

Թորոսյանը մանրամասնեց, պետք է լինի և ցուցում, և թափ հավաքելու պրոցես։

«Բոլոր բուժհաստատություններին ուղարկվել են հանձնարարականները՝ ինչպե՞ս նմուշառել, ո՞ւր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել, էլեկտրոնային համակարգն է  ներդրվում։ Փաստացի այս պահին վեց լաբորատորիաներում են իրականացվում այդ հետազոտությունները, հավանաբար հետագայում ևս մեկը կավելանա, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»,-ասաց նախարարը։
 

Placeholder
Արսեն Թորոսյան. Թեստավորման թափ հավաքելու պրոցեսը սկսված է