Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է
Քաղաքական
10:05 14/04/2020
ԼՂՀ

Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է

Ժամը 8.00-ին բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: Հայտնում են Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

 Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

  Հանրապետության Նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցում է ս.թ. մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների  առավելագույն կողմ ձայներ ստացած  2 թեկնածու՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիսի Մայլիլյանը։

Ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ  130  ներկայացուցիչներ:

Առաջնորդվելով ԱՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով` ս.թ. ապրիլի 14-ին  ժամը 9:00-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից Արցախի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղեկություններ է հրապարակել ընտրությունների ընթացքի մասին:

ԿԸՀ նախագահն ընտրողներին հորդորել է իրենց ընտրական  իրավունքն իրացնելիս խստորեն հետևել ընտրական տեղամասերում առաջարկվող նախականխիչ առողջապահական ցուցումներին:

Placeholder
Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է