Արտագնա աշխատող շինարարները կներառվեն շինարարական ծրագրերում
Տնտեսություն
19:54 15/04/2020
Հայաստան

Արտագնա աշխատող շինարարները կներառվեն շինարարական ծրագրերում

Հնարավոր է՝ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր այս տարի չեն կարողացել մեկնել աշխատանքի, զբաղվածություն գտնեն Հայաստանում, քանի որ նախատեսվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ: Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երկրի տարբեր հատվածներում մեկնարկել են տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ճանապարհաշինություն և այլ, որոնք տասնյակ միլիարդների հասնող ծրագրեր են: Բանավոր հանձնարարաություն տվել եմ մարզպետներին, որ առաջիկա սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում, շինարարական ընկերությունների հետ հանդիպում ունենալ, և հորդորեն, որ անպայման աշխատեն արտագնա աշխատանքի մեկնող շինարարների  հետ: Այլ երկրներում մեր շինարարներն ունեն շինարարի լավ համբավ, իսկ տարվա ընթացքում այստեղ ունենում ենք շինարարի պակաս: Հիմա ես կոչ եմ անում, որ եթե կան շինարարներ, Հայաստանում գրանցեն կամ բացեն շինարարական ընկերություններ, քանի որ շուտով տասնյակ ծրագրերի մրցույթներ են հայտարարվելու»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ճանապարհաշինությանը, Պապիկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում այս ուղղությամբ ևս լայնածավալ աշխատանքներ են սպասվում:

«Հնգամյա պլանում նախանշված է, որ 70 տոկոսը պետք է դարձնենք բարեկարգ: Դրա վառ ապացույցը նախորդ տարվա լայնածավալ աշխատանքներն են: Մենք գործում ենք ընդհանուր ռազմավարության դիտանկյունից, մեզ համար կարևոր է, որ խնդիրներին տանք ամբողջական լուծում և քիչ-քիչ դուրս գանք տեղայնական փոքր լուծումների շրջանակից: Այս տարի արդեն պլանավորել են նորոգել շուրջ 500 կմ ճանապարհ, մյուս տարվա համար, բնականաբար, պետք է դիտարկենք առավել առաջնահերթ ու կարևոր ճանապարհների խնդիրը»,- եզրափակեց Պապիկյանը:

Placeholder
Արտագնա աշխատող շինարարները կներառվեն շինարարական ծրագրերում