ՄԻՊ. Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և բնակավայրերի բնակիչների խնդիրները
Հասարակություն
09:09 16/04/2020
Հայաստան

ՄԻՊ. Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և բնակավայրերի բնակիչների խնդիրները

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2019 թվականին Պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որոնք վերաբերել են Հյուսիս-հարավ միջպետական նշանակության ավտոճանապարհի կառուցման հետևանքով մարդկանց տարատեսակ իրավունքների խախտմանը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի 2019 թ. տարեկան հաղորդման համաձայն, մինչ օրս լուծում չի ստացել Պաշտպանի դեռևս 2018 թվականի տարեկան հաղորդմամբ բարձրաձայնված՝ Հյուսիս-հարավ միջպետական նշանակության ավտոճանապարհի կառուցման հետևանքով սեփականությունից անարգել օգտվել չկարողանալու խնդիրը:

Մասնավորապես, ՀՀ Արարատի մարզի Բաղրամյան, Բերքանուշ, Մրգավան և Դալար համայնքների բնակիչների խնդիրը՝ կապված «Երևան-Երասխ-ԳորիսՄեղրի-Իրան սահման» Հյուսիս-հարավ միջպետական նշանակության ավտոճանապարհի կառուցման հետևանքով ընդհանուր օգտագործման ճանապարհին հարող նախկին անցուղու փակման, դրա հետևանքով վերոնշյալ գյուղերի բնակիչների կողմից ավտոմայրուղու հակառակ կողմում գտնվող և իրենց կողմից մշակվող, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ և արոտավայրեր համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա տեղափոխելու, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասուններին արոտավայրեր տանելու հարցի հետ:

Ընթացիկ տարում բողոքներով բարձրաձայնվել է՝ Հյուսիս-հարավ միջպետական նշանակության ավտոճանապարհը հարակից տարածքում բնակվող բնակիչների բնակարաններից շատ մոտ հեռավորության վրա կառուցելու հետևանքով բնակավայրի բնակիչների համար խնդիրներ առաջանալու վերաբերյալ հարցը:

Մասնավորապես, 2019 թվականին Պաշտպանի աշխատակազմում քննարկվել է Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 8, 10 և 14 շենքերի բնակիչների բողոքը: Բողոքի համաձայն՝ նախագծով սահմանվել է, որ արագընթաց ավտոճանապարհը Րաֆֆու և Առնո Բաբաջանյան փողոցների խաչմերուկով չի անցնելու, այլ փոխարենը կառուցվելու է ճանապարհային հանգույց և ճանապարհն Առնո Բաբաջանյան փողոցից կտրուկ թեքվելու է դեպի բնակելի թաղամաս, այն է՝ անցնելու է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 8, 10 և 14 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային  տարածքով` թիվ 10 շենքից ընդամենը 5-7 մ հեռավորության վրա: Բողոքի համաձայն՝ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 10 շենքին այդքան մոտ շինարարությունը կվտանգի շուրջ 30 տարի առաջ շահագործման հանձնված բազմաբնակարան բնակելի շենքի սեյսմակայունությունը:

Ըստ բնակիչների՝ ավտոճանապարհն անցնելու է բնակարանների ննջասենյակների պատուհաններին շատ մոտ հեռավորության վրա, շահագործվելու է շուրջօրյա, հետևաբար ավտոմեքենաների աղմուկը խաթարելու է բնակիչների քունը, ինչը բացասական ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա:

Նշվածի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանից պարզաբանվել է, որ կառուցվող Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածն արագընթաց ճանապարհ չէ և նախատեսված է արագության սահմանափակում 60 կմ/ժ: Համաձայն նախագծի՝ այն հատվածում, որտեղ ամենամոտն է շենքերին՝ (թիվ 14 շենք), հեռու է շենքից 8 մ:

Այդ հատվածում թիվ 14 շենքը չունի դեպի Բաբաջանյան փողոց նայող լուսամուտներ: Նախագծի համաձայն թաղամասն ապահովված է երկկողմանի մուտքով/ելքով (ներկայումս էլ երկու մուտք/ելք է), որոնք անմիջապես լուծում են հրշեջ ծառայության, շտապօգնության և այլ ավտոմեքենաների մուտք/ելքը: Անկախ վերոգրյալից՝ բարձրացված հարցի կարգավորման համար Երևանի քաղաքապետարանը մշակում է մի քանի այլընտրանքային լուծումներ, որոնք առաջիկայում կքննարկվեն թաղամասի բնակիչների հետ: Փոխադարձ ընդունելի լուծման գալու պարագայում կիրականացվեն համապատասխան նախագծային փոփոխություններ:

«Քաղաքաշինական նորմերի ուսումնասիրությունից հետևում է, որ իրականացվող շինարարության, այն է՝ Հյուսիս-հարավ միջպետական նշանակության ավտոճանապարհի կառուցման վիճարկվող հատվածը նախագծով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացումը չի լինի շինարարական նորմերին համապատասխան:

Հարցն այն է, որ Երևանի քաղաքապետարանից ստացված պարզաբանումների համաձայն՝ նախագծով նախատեսվող ավտոճանապարհի շենքերից ամենամոտ հեռավորությունը 8 մ է, որը չի համապատասխանում վերոնշյալ պահանջներին և թաղամասի բնակիչների համար առաջացնելու է՝ (ավտոմոբիլների աղմուկ, արտանետած գազեր) և բողոքում նշված մի շարք այլ խնդիրներ»,- նշված է հաղորդման մեջ:

Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարել հնարավոր սեղմ ժամկետներում գործուն միջոցներ ձեռնարկել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Բերքանուշ համայնքի հատվածում վերգետնյա կամուրջ կառուցելու ուղղությամբ, ձեռնարկել միջոցներ Հյուսիս-հարավ միջպետական նշանակության ավտոմայրուղու աշխատանքային նախագիծը ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
 

Placeholder