Փաշինյան. Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի
Քաղաքական
11:40 16/04/2020
Հայաստան

Փաշինյան. Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ծափահարություններում և շնորահավորանքներով։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները շնորհավորեցին ոստիկաններին Ոստիկանի օրվա առիթով։

«Ոստիկանությունը ցանակացած պետության, նաև մեր պետության իրավակարգի պահպանության  կարևորագույն ինստիտուտներից մեկն է, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման, կիրառելիության մակարդակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ պետք է խոստովանեն ու արձանագրեն, որ ՀՀ-ում ոստիկանության ու հանրության հարաբերությունները բարդություններ են ունեցել, նույնիսկ ճգնաժամեր, այսօր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն և լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ։

Վարչապետի խոսքով, բավականին երկար ժամանակ քննարկում են ոստիկանության բարեփոխումների ռազամավարությունը, ապրիլի 1-ից պետք է սկսվեր գործողություններ, սակայն համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց։

«Ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ մեր օրակարգի առաջնահերթություններից մեկը, օրակարգում երկու կարևոր հենասյուն կա՝ հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ և ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը։ Նաև կարևոր է այս համատեքստում և ընդհանրապես ոստիկանության իմիջի բարեփոխումը, ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի ու փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, պայմաններին,  այն հավակնություններին, որոնք այսօր մեր պետությունն ու ժողովուրդը ձևակերպում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Placeholder
Փաշինյան. Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի