Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայոց ցեղասպանության միջոցառումներին չմասնակցելու հրահանգն ապակառուցողական է
Քաղաքական
10:05 24/04/2020
Հայաստան

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայոց ցեղասպանության միջոցառումներին չմասնակցելու հրահանգն ապակառուցողական է

Panorama.am-ի հարցազրույցը Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի հետ

Panorama.am - Պարոն Պոլյակով, Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը։ Դուք, որպես Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի հեղինակ, որքանո՞վ եք հավանական համարում բանաձևի ընդունումը Գերագույն Ռադայում։

Անտոն Պոլյակով- Առաջին հերթին կցանկանայի հղել իմ ցավակցությունները և, միևնույն ժամանակ, իմ սատարումը՝ կապված այս տխուր օրվա՝ ապրիլի 24-ի հետ, որը խորհրդանշում է մեծ կորուստ ամբողջ հայ ժողովրդի համար:

Համոզված եմ, որ մեր երկրները, միասին, պետք է ամեն ինչ անեն՝ մարդկության դեմ ուղղված բոլոր հանցավոր գործողությունները դատապարտելու համար, որից տուժել է ինչպես հայ, այնպես էլ ուկրաինացի ժողովուրդը:

Այդ է պատճառը, որ ես աջակցեցի «Երկու ազգ. մեկ հիշողություն» ակցիան, որն անցկացվում է Ուկրաինայում և նպատակ ունի ցույց տալ մեր ժողովուրդների միասնությունը:

Վերջապես պետք է ընդունել, որ մենք, միասին, պետք է անցյալի մասին լուրջ հանրային քննարկումներ անենք նրա համար, որ կանխենք ապագայում նման ողբերգությունների կրկնության հնարավորությունը:

Այդ իսկ պատճառով ես առավելագույն ջանքեր եմ գործադրում ուկրաինական պառլամենտում Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ-ների Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Հուսով եմ, որ իմ փորձերը կյանքի կկոչվեն:

Ուկրաինայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, այժմ կորոնավիրուսի համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով շատ ծանր իրավիճակ է, հետևաբար, ցավոք,  չեմ կարող ասել ձեզ այն ճշգրիտ ամսաթիվը, երբ խորհրդարանը պատրաստ կլինի քննարկել այս հարցը: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ:

Panorama.amՆախօրեից համացանցում տարածվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նամակը, որում պաշտոնյաներին խորհուրդ է տրվում չմասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին ու չօգտագործել ցեղասպանություն եզրույթը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

Անտոն Պոլյակով- Ես՝ որպես Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի հարցով խմբի անդամ, դեռ նախօրեին հրապարակավ գնահատական եմ տվել այդպիսի գործողություններին, անվանելով դրանք ապակառուցողական և ոչ պրոֆեսիոնալ՝ մեր արտաքին գործերի նախարարության առանձին ներկայացուցիչների կողմից։ Դա մեծ սխալ է՝ անհասկանալի կլիշե դնել այն երկրների նկատմամբ, որոնց հետ մենք ավանդաբար կապված ենք պատմական բարեկամության կապերով:

Ուկրաինայում ապրում են մեծ թվով սփյուռքահայեր, որի ներկայացուցիչները մեծ ներդրում են կատարում մեր պետության զարգացման գործում: Այս բնույթի հրահանգներ կայացնելը կոռեկտ չէ՝ առաջին հերթին հենց նրանց նկատմամբ։

Հուսով եմ, որ միջպետական մակարդակում մենք կկարողանանք կարգավորել բոլոր բացասական պահերը և ակտիվացնել հետագա համագործակցությունը։

Panorama.am Պարոն Պոլյակով, հայ-ուկրաինական հարաբերությունները բարդացել են 2014 թ-ից։ Սակայն, եթե խնդիրը հակամարտությունների վերաբերյալ դիրքորոշումներն են, ապա կան երկրներ, որոնց հետ և՛ Հայաստանը, և՛ Ուկրաինան այս հարցում ունեն տարաձայնություններ, սակայն հարաբերությունների բարձր մակարդակը պահպանվում է։ Ի՞նչն է խանգարում Հայաստանին ու Ուկրաինային զարգացնել երկու ժողովուրդների բարեկամությանը համահունչ քաղաքական հարաբերություններ։

Անտոն Պոլյակով- Ես կարծում եմ, որ բոլոր տեսակի քաղաքական կոնյուկտուրաները պետք է
տեղը զիջեն ողջամտությանը և տնտեսական շահերին: Մեզ միավորում է համագործակցության երկար պատմությունը, որը պետք է զարգացնել:

Մենք Ուկրաինայում բարձր ենք գնահատում այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկում է սեփական տնտեսության արդիականացման և կենսական կարևոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ուկրաինան այժմ նույնպես փորձում է շարժվել բարեփոխումների ճանապարհով, հասարակության մեջ կա մեծ պահանջ:

Այո, կան շատ դժվարություններ, բայց մենք դրանք անպայման կհաղթահարենք: Համոզված եմ, որ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ներուժը շատ մեծ է, և մեր պատականությունն է՝ որպես քաղաքական գործիչներ, այն առավելագույնս զարգացնել:

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի

Placeholder
Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայոց ցեղասպանության միջոցառումներին չմասնակցելու հրահանգն ապակառուցողական է