Ի՞նչ է սպասվում Սևանա լճին  այս տարի
Տնտեսություն
09:01 25/04/2020
Հայաստան

Ի՞նչ է սպասվում Սևանա լճին այս տարի

Վերջին տարիներին Սևանա լճի էկոհամակարգում էվտորֆիկացիայի կամ ճահճացման պրոցեսներն ակտիվացել են: Այն  լճի աղտոտվածության հետևանքով է՝ ռեկրացիոն գոտու ոչ ճիշտ օգտագործման, կոյուղաջրերի առկայության  և այլն: Սրան էլ գումարվում է վերջին  տարիներին իրականացվող հավելյալ ջրառը: Թվարկված խնդիրները դեռևս լուծված չեն, ինչը հիմք է տալիս մասնագետներին  կանխատեսելու, որ այս տարի ևս ականատեսը կլինենք  Սևանա լճի այսպես ասած «ծաղկմանը» կամ կապտականաչ ջրիմուռների ակտիվացմանը:

«Կարող եմ ասել, որ միանշանակ լիճն այս տարի էլ «կծաղկի»: Օրերս ՇՄ նախարարը ներկայացրեց, որ Սևանա լճի մակարդակն իջել է՝ կապված տեղումների քանակի նվազ լինելու հետ: Այսինքն ՝ նորից կլինի ջրի մակարդակի որոշակի տատանում, որը լրացուցիչ պատճառ կդառնա ծաղկման համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ  Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի  բաժնի վարիչ  Լուսինե Համբարյանը:

Օրերս կառավարությունն ընդունեց «Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում սակավաջրություն հայտարարելու» մասին  որոշման նախագիծը,որը ներկայացրել էր ՀՀ ՇՄՆ-ը: Որոշման  համար հիմք է եղել հիդրոմետ ծառայության ներկայացրած տվյալները, որոնք խոսում  են քիչ տեղումների և  ջրամբարների սակավաջուր լինելու մասին: Եթե ջրամբարներում ջրի քանակը չավելանա,  ինչը քիչ  հավանական է, ապա չի բացառվում , որ կրկին կդիմենք  Սևանա լճի օգնությանը՝ հավելյալ ջրառ կատարելով: Մասնագետները սակայն, այս  ճանապարհը Սևանի համար անթույլատրելի են համարում, քանի դեռ լուծված չեն մյուս  խնդիրները, օրինակ ՝ կոյուղաջրերի խնդիրը, որոնք թափվում են Սևանա լիճ, կամ ցանցավանդակային տնտեսության  հարցը: Ավելին, եթե ոռոգման նպատակով հավելյալ  ջրառ իրականացվի, ապա  «ծաղկած» լճի ջուրն ուղղակի վտանգավոր է օգտագործել ՝ հատկապես  ոռոգման նպատակով:

«Ամբողջ ջուրը վարակված է լինում ցիանոբակտերիաներով և ջուրը դառնում է ոչ պիտանի  ջրօգտագործման համար ՝ ոչ ռեկրացիոն, ոչ էլ ոռոգման նպատակով: Այս ջուրը  շատ լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ մեր լաբորատոր  ուսումնասիրություններով պարզել ենք, որ  արտադրվող  թույնը կայուն միացություններ է առաջացնում ջրում,  որոնք միջազգային առողջապահական կազակերպությունների գնահատմամբ ՝ և էկոլոգիայի, և մարդկանց համար  մեծ ռիսկեր են պարունակում:Օրինակ՝  այն տարածքներում, որտեղ ինտենսիվ կրկնվել են ծաղկումները, նկատվել է, որ մարդիկ,որոնք լողացել են այդ գոտիներում, ունեցել են ալերգիկ ցան, մաշկի հետ կապված խնդիրներ, շնչառական խնդիր և այլն»,-պարզաբանեց Լուսինե Համբարյանը:

Ինչ վերաբերում է  հարցին,թե արդյո՞ք  թունավոր  նյութերն  ազդեցություն ունեն  Սևանի կենդանական աշխարհի վրա, օրինակ ՝ խեցգետնի կամ սիգի, գիտնականը պատասխանեց.
«Մենք՝ գիտնականներով,  հակված ենք կատարելու այն ուսումնասիրությունները, թե ինչպես են տոքսիկ նյութերը փոխանցվում սննդային շղթա:     Գիտենք, որ  Սևանա լճում ունենք որոշակի ձկնային պաշար, որն  օգտագործում ենք սննդում, ապա պետք է ուսումնասիրություններ կատարել, որպեսզի պարզենք, թե այդ ջրում լողող ձկնատեսակը, որպես սննդի աղբյուր, ինչպիսի վտանգներ է պարունակում»:
  
Մասնագետները  մի հարցում միակարծիք են Սևանա լճի փրկությունը ՝ լճի մակարդակի բարձրացման մեջ է:

«Լճին այս վիճակից դուրս հանելու կամ էկոհամակարգը վերականգնելու համար միանշանակ պետք է շարունակել Սևանա  լճի մակարդակի բարձրացման գործընթացը: Սակայն այստեղ կարևոր է նաև հարակից աշխատանքները, մասնավորապես ափերի մաքրությունը, քանի որ լրացուցիչ աղտոտվածությունը ևս խթանում է ցիանոբակտերիաների առաջացմանը»,-ասաց գիտնականը:

Ինչ վերաբերում է ոռոգման խնդրին, ապա ակնհայտ է, որ անընդհատ Սևանա լճի  վրա  հույս դնել չենք կարող: Մինչդեռ,  համաձայն տարբեր գիտական  ուսումնասիրությունների,  մինչև 2050 թվականը  Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման և  տեղումների  քանակի նվազման հետ: Իսկ մինչև 2030 թվականն ակնկալվում է  մինչև 9 տոկոսով ջրի քանակի  նվազում:  Սա նշանակում է, որ ոռոգման հետ կապված խնդիրները տարեց տարի սրվելու են և հարկավոր է ավելի նպատակային քայլեր ձեռնարկել , օրիանակ՝ եղած ջրամբարները  վերազինել  կամ նոր ջրամբարներ  կառուցել: 

Placeholder
Ի՞նչ է սպասվում Սևանա լճին այս տարի