Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը
Օրվա թեմա
11:40 28/04/2020
Հայաստան

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակը կանվանակոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»։ Նման որոշում ընդունեց Երևանի ավագանին։

Երևանի ավագանին համաձայնության տվեց նաև Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերյալ որոշմանը։ Հարցը զեկուցող քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական  գործունեության  հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ, ժամանակավոր պաշտոնակար Անդրանիկ Սեդոյանն ասաց, որ առաջարկը ներկայացվել է  ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, համաձայնեցված է եղել հնդկական կողմի հետ։

Նրա խոսքով, առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները:

«Արձանի փոխադրման, տեղադրման ծախսերը, ըստ գրության, հնդկական կողմը պատրաստակամ է հոգալ։ Տարածքի տեղադրանքը հնդկական կողմի հետ համաձայնեցվել է»,- ասաց Ա. Սադոյանը։ 
 

Placeholder
Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը