Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսագրությունը
Մշակույթ
18:33 30/04/2020
Հայաստան

Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսագրությունը

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը  Ջազի միջազգային օրվա աիթով իր ֆեյսբուքյան էջում այսօր ժամը 19։00-ին ներկայացնելու է 2017 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցած ամերիկացի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսաձայնագրությունը:

«Երեկոն նախաձեռնել էին «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Համերգի հատուկ հյուրը ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Մարջորի Բարնսն էր, ով հանդես եկավ Վահագն Հայրապետյանի,  «Սանկտ-Պետերբուրգ» ջազ-կվարտետի և Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ»,- հայտնում են թատրոնից:

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:


 

Placeholder