Արցախի նախագահ. 2007-ին արտադրվում էր 90.4 միլիոն կվտ/ժ էներգիա, իսկ 2019-ին այդքան արտահանվել է
Քաղաքական
13:52 30/04/2020
Հայաստան

Արցախի նախագահ. 2007-ին արտադրվում էր 90.4 միլիոն կվտ/ժ էներգիա, իսկ 2019-ին այդքան արտահանվել է

«Ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում: Դեռևս անելիքները շատ են»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2020 թվականի հունվարից մինչև ԱՀ Նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հորղորդմամբ։:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, 2019 թվականին հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, արձանագրվել են դրական ցուցանիշներ և ապահովվել է կայուն առաջընթաց, որի կարևորագույն ցուցանիշներից է 10.3 տոկոս տնտեսական աճը:

Իրականացվել է բավականին մեծ աշխատանք, կյանքի են կոչվել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր:

«Մեր երկիրն անցել է լուրջ դժվարությունների միջով և պատվով հաղթահարել է դրանք: Ինչպես գիտեք, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է: 2007 թվականին այն կազմել է  մոտ 70,8 միլիարդ դրամ, իսկ 2019-ին գերազանցել է 342 միլիարդ դրամը: 

Եթե 2007 թվականին մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում էր 1490 ԱՄՆ դոլար, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4 հազար 803 դոլար»,- ասել է նա։

Բակո Սահակյանի խոսքով, եթե 2007 թվականին մեր երկրում արտադրվում էր  90,4 միլիոն կիլովատտ/ժամ  էլեկտրաէներգիա, ապա 2019 թվականին Արցախի Հանրապետությունից գրեթե այդ չափով էլեկտրաէներգիա միայն արտահանվել է՝ 85,7 միլիոն կիլովատտ/ժամ,   իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,3 միլիոն կիլովատտ/ժամ: 

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերի  իրականացման արդյունքում այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն ավելացել է ավելի քան 10 հազար մարդով:

Կառուցվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ավարտին է հասցվել Հյուսիս-Հարավ մայրուղին, կառուցվել է Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, շահագործման են հանձնվել և վերանորոգվել բազմաթիվ այլ ճանապարհներ:

Մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են  շուրջօրյա ջրամատակարարմամբ: Փաստ է, որ կերպարանափոխվել են Ստեփանակերտը և Շուշին, տարբեր գյուղեր ու քաղաքներ:

Արցախի նախագահի խոսքով, աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև, ոչ պակաս կարևոր են ու պատասխանատու, և դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում:

«Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները»,- ընդգծել է Արցախի նախագահը:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հանրապետության  նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ` կբազմապատկեն դրանք և արդյունավետորեն կլուծեն բոլոր խնդիրները՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, քաղաքացիների հուսալի անվտանգության ապահովմանը, և բոլորին մաղթել խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի փառս Արցախի  ու նրա ժողովրդի:

 

 

Placeholder
Արցախի նախագահ. 2007-ին արտադրվում էր 90.4 միլիոն կվտ/ժ էներգիա, իսկ 2019-ին այդքան արտահանվել է