«Ձևավորել հանձնաժողով՝ ֆիզիկական բռնություն գործադրած պատգամավորների վարքագծի էթիկային առնչվող հարցերի քննարկման նպատակով»
Իրավունք
17:26 09/05/2020
Հայաստան

«Ձևավորել հանձնաժողով՝ ֆիզիկական բռնություն գործադրած պատգամավորների վարքագծի էթիկային առնչվող հարցերի քննարկման նպատակով»

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնն իր մտահոգությունն է հայտնում 2020 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ։

«Անթույլատրելի է Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կազմող իշխող ուժի ներկայացուցչի կողմից ֆիզիկական բռնության կիրառումը ընդդիմության ներկայացուցչի, առավել ևս՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ, անկախ այն հանգամանքից, թե որքան անընդունելի կամ ոչ դուրեկան է այդ գործչի արտահայտած կարծիքը։

Զարհուրելի է նաև այն հանգամանքը, որ վեճն անմիջապես կասեցնելու փոխարեն նույն իշխող խմբակցության որոշ ներկայացուցիչներ շարունակեցին ֆիզիկական բռնության կիրառումը։

Պատգամավորի մանդատ ստանձնած յուրաքանչյուր ոք պարտավոր է գիտակցել այդ մանդատի պատասխանատվության ծանրությունը, քանի որ որպես առաջնային մանդատ ստանձնած մարմին անմիջական պատասխանատվություն է կրում իրեն քվե տված հանրության առջև, իսկ իր վարքագիծն օրինակելի և անգամ վարակիչ է այդ հանրության համար։

Խորհրդարանը քաղաքական կարծիքների և դիրքորոշումների արտահայտման և բախման թատերաբեմ է, որտեղ բռունցքների գործադրումն արգելված «կարմիր գիծ» է։

Նմանաբնույթ վարքագիծն անընդունելի է պառլամենտարիզմի կայացման և զարգացման տեսանկյունից, և, բնականաբար, տեղի ունեցածը պետք է ստանա քաղաքական գնահատական, որպեսզի կանխարգելվեն նմանաբնույթ երևույթների հետագա կրկնությունները։
Մասնավորապես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։

Անկախ վերոնշյալ միջադեպին իրավապահ մարմինների անդրադառնալու հանգամանքից, գտնում ենք, որ պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու հիմքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ է ձևավորել համապատասխան ժամանակավոր հանձնաժողով՝ ֆիզիկական բռնություն գործադրած պատգամավորների վարքագծի էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու նպատակով:

Խորհրդանշական են Պլատոնի խոսքերը՝ ձևավոված իրավական անվտանգության սպառնալիքի համատեքստում. «Ես տեսնում եմ այն պետության մոտալուտ կործանումը, որտեղ օրենքն ուժ չունի և գտնվում է ինչ-որ մեկի իշխանության տակ, իսկ այնտեղ, որտեղ օրենքը կառավարողների տիրակալն է, իսկ վերջիններս՝ դրա ստրուկները, ես տեսնում եմ այդ պետության փրկությունը և բոլոր բարիքները, որոնք կարող են աստվածների կողմից շնորհվել պետություններին»,- նշված է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հայտարարության մեջ։ 

Placeholder