Շնորհավոր՝ բուժքույրեր
Օրվա թեմա
10:52 12/05/2020
Հայաստան

Շնորհավոր՝ բուժքույրեր

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը շնորհավարում է բուժքույրերին կատարած մեծ աշխատանքի համար։

Panorama.am-ը նույնպես շնորհավորում է բուժքույրերին իրենց կատարած անմոռանալի, անգնահատելի աշխատանքի համար։ Նրանց աշխատանքը միշտ էլ կարևոր է եղել, առավել ևս հիմա՝ համավարակի պայմաններում։ Այսօր բուժքույրերն աշխարհի ամենապահանջված մարդիկ են, որոնց կարիքն ունեն ամենուր և ամեն ժամ։ Առողջություն բոլոր բուժաշխատողներին, որպեսզի մարդիկ էլ լինեն առողջ։ 

«Ի դեպ բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը»,-հայտնում են «Նորքի» ինֆեկցիոնից։ 

 «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում նաև լուսանկար է հրապարակել՝ «Նորք» ԻԿՀ գլխավոր բուժքույր` Ռոզա Պոդոսյան, Ավագ բուժքույրեր` Հասմիկ Համբարյան, Արմինե Միրզոյան, Աննա Ստեփանյան, Նազանի Հարությունյան, Լուսինե Ջանոյան։

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է Ձեր առաքելությունը՝ հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր։

Վստահ եղեք, որ Ձեր հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում:

Եղեք ամուր և, թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը Ձեզ չլքեն։

Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ»։

 

Placeholder
Շնորհավոր՝ բուժքույրեր