Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող 118-ամյա J.C Penney ընկերությունը սնանկացել է
Տնտեսություն
09:15 19/05/2020
Աշխարհ

Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող 118-ամյա J.C Penney ընկերությունը սնանկացել է

Ամերիկյան հանրախանութների ցանցի սեփականատեր J.C. Penney ընկերությունը հայտարարել է սնանկության մասին՝ չկարողանալով հաղթահարել COVID-19-ի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ընկերությունը վերակազմավորվելու է ԱՄՆ Սնանկության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն:

J.C. Penney-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ մանրածախ արդյունաբերությունը «COVID-19»-ի համաճարակի արդյունքում բախվում է միանգամայն նոր իրականության հետ:

«Այն ընկերությունից պահանջում է բիզնեսի կառավարման բարդ որոշումների կայացում՝ աշխատողներին, հաճախորդներին և սեփական ապագան պաշտպանելու համար»,- ասել է J.C. Penney-ի գլխավոր տնօրեն Ջիլ Սոլտաուն:

Ընկերությունը սնանկ ճանաչվելու մասին հայտարարությունից հետո, ուրբաթ օրը լրացուցիչ առուծախի ժամանակ J.C. Penney-ի բաժնետոմսերը նվազել են 30%-ով:

Ընկերությունը հայտնել է, որ կշարունակի գործողությունները վերակազմակերպման ուղղությամբ:

Սնանկացման պահին ընկերությունն ուներ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ միջոց, ինչպես նաև 900 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երաշխավորված վարկային գծեր գործող վարկատուներից: J.C. Penney-ը ակնկալում է, որ այդ միջոցները բավարար կլինեն նրա գործառնական կարիքները բավարարելու, ինչպես նաև վերակազմավորվելու համար:

Ընկերությունը նախատեսում է բիզնեսի վերակազմավորման շրջանակներում աստիճանաբար փակել խանութների մի մասը:

118 տարի առաջ հիմնադրված J.C Penney- ը, Sears ընկերության հետ միասին, հարյուր տարվա ընթացքում հանդիսացել է Միացյալ Նահանգների խոշոր խանութների ցանցերից մեկը: Սակայն վերջին տարիներին ընկերությունը կորուստներ է կրել առցանց առևտրի ծավալների աճի պատճառով:

Ճգնաժամը, որը սկսվեց COVID-19 համաճարակի արդյունքում, ստիպեց J.C Penney -ին հրաժարվել վերակազմավորման իր ռազմավարությունից և օգնություն խնդրել վարկատուներից:

Այս ամսվա սկզբին սնանկության մասին հայտարարել էր նաև Neiman Marcus Group Inc.-ն, որը տիրապետում է ԱՄՆ-ի «Լյուքս» դասի հանրախանութների ցանցին, և մի փոքր ավելի վաղ՝ ամերիկյան մեկ այլ մանրածախ վաճառող՝ J.Crew-ը:

Placeholder
Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող 118-ամյա J.C Penney ընկերությունը սնանկացել է